- Главная
- Node
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները հաղթանակներ են գրանցել միջազգային մրցույթում
Января 16, 2025 | 13:30
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները հաղթանակներ են գրանցել միջազգային մրցույթում
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի երեք աշակերտներ հաղթող են ճանաչվել «Զարգացման նորարարական ռազմավարություններ» VIII միջազգային մրցույթում։ Այս ձեռքբերումը փաստում է աշակերտների գերազանց կարողությունների և գիտելիքների մասին: Մրցույթի նպատակը ուսանողների և աշակերտների մտածողության ու մասնագիտական հմտությունների զարգացումն է։
Ամփոփվել են «Զարգացման նորարարական ռազմավարություններ» խորագրով VIII միջազգային մրցույթի արդյունքները։ Մրցույթի կազմակերպիչներն էին Մոսկվայի տնտեսագիտության դպրոցի տնտեսական և ֆինանսական ռազմավարության ամբիոնը, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիան (Շանհայի համալսարանի մասնակցությամբ), «МИСИС» գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարանն ու Կեմերովոյի պետական համալսարանը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն են Միլա Ավետիսյանը, Հայկ Պողոսյանը, Մանե Նավասարդյանը։
ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանն ընդգծեց, որ մրցույթին մասնակցելը մեծ ձեռքբերում էր, քանի որ աշակերտները հաջողությամբ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները և գրանցեցին լավագույն արդյունքներ։
«Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՍԹԵՄ դպրոցն ունի աշակերտների գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու համապատասխան միջավայր, որտեղ նրանք կարող են մասնագիտական հմտություններ ձեռք բերել և դրսևորել իրենց կարողությունները տարբեր մրցույթներում։ Մի բան է, երբ աշակերտներն իրենց գիտելիքները դրևսորում են դասապրոցեսի արդյունքում, բոլորովին այլ, երբ անկախ հանձնաժողովն է գնահատում նրանց։ Նմանօրինակ մրցույթներում հաղթանակներ գրանցելը նաև մոտիվացիա է մյուսների համար»,- ասում է Ա. Խաչատրյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ՍԹԵՄ դպրոցը մեկուկես տարի է, ինչ գործում է, սակայն արդեն կարողացել է մեծ հաջողություններ գրանցել թե՛ ներպետական, թե՛ միջազգային մրցույթներում։ Սա վկայում է դպրոցի արդյունավետ աշխատանքի և աշակերտների բարձր մակարդակի մասին, որոնք մրցում և հաղթանակներ են գրանցում միջազգային բարձր հարթակներում, երբ կրթությունն ուղղված է նորարարական, ստեղծագործական և գիտահետազոտական կարողությունների զարգացմանը։
Մասնակիցները հնարավորություն ունեին կատարելու հետազոտական աշխատանք տնտեսագիտության, տրանսպորտի, արդյունաբերության, ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիոլոգիայի, մշակույթի, էկոլոգիայի, կրթության, սպորտի, բժշկության, զբոսաշրջության և տարածաշրջանային սոցիալ-տնտեսական համակարգերի ռազմավարության թեմաների շուրջ: ՍԹԵՄ դպրոցի աշակերտները հետազոտություններ են կատարել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են բժշկությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը։ Նրանք իրենց հետազոտական աշխատանքներն ուղարկել են առցանց՝ համաձայն մրցույթի կանոնների ու ընթացակարգի։
Աշակերտների հետազոտական աշխատանքների կատարմանն աջակցել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Մկրտչյանը, քանի որ նրանք իրենց աշխատանքները կատարել են ռուսերենով։ Ուսուցչուհին փաստում է, որ հետազոտական աշխատանքներ կատարելիս էական խնդիր չի առաջացել, քանի որ աշակերտները շատ լավ տիրապետում են լեզվին։
Անուշ Մկրտչյանի աջակցությունը եղել է ամբողջ տարվա ընթացքում՝ դասավանդելով ռուս գրականություն և ռուսերենի քերականություն։
«Սա շատ կարևոր փորձառություն է, քանի որ նմանօրինակ մրցույթներին մասնակցելը զարգացնում է աշակերտների հմտություններն ու կարողությունները, հատկապես, եթե նրանք մասնակցում են միջազգային մակարդակի մրցույթների»,- նշում է նա։
Մրցութային հանձնաժողովն ընտրել է լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները ստացել են դիպլոմներ։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Նավասարդյանի հետազոտական աշխատանքը զբոսաշրջության ոլորտի մասին էր։ Նա անդրադարձել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը, ոլորտի վիճակագրությանը, ինչպես նաև ՀՀ-ի պատմությանը։ Աշխատանքը ցույց է տալիս ոչ միայն խորացված մոտեցում թեմային, այլ նաև նրա մեծ հետաքրքրությունը և գիտելիքների ընդլայնման ցանկությունը զբոսաշրջության ոլորտում։ Մանեն շատ ոգևորված էր մրցույթում հաջողություն գրանցելու հնարավորությամբ և մեծ ցանկություն ուներ հաղթելու։
Հայկ Պողոսյանի հետազոտական աշխատանքը վերաբերում էր ՀՀ արդյունաբերությանը։ Թեման համապատասխանում էր նրա հետաքրքրությունների շրջանակին, քանի որ Հայկը խորապես հետաքրքրված է երկրի տնտեսությամբ և արդյունաբերական զարգացմամբ։ Նա իր աշխատանքում անդրադարձել է ՀՀ արդյունաբերության զարգացման պատմությանը, ներկայացրել զարգացման տարբեր փուլերը, առանձնացրել որոշակի վիճակագրություն ու վերլուծություն, ինչպես նաև մատնանշել ոլորտի զարգացման ուղիներ։
Միլա Ավետիսյանի հետազոտական աշխատանքը բժշկության ոլորտի վերաբերյալ էր։ Նա անդրադարձել է բժշկության ոլորտի զարգացմանը, նորագույն տեխնոլոգիաներին ու մեթոդներին, որոնք մեծապես ազդում են առողջապահության ոլորտի վրա։
Նշենք, որ միջազգային մրցույթին մասնակցել են դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և հետազոտողներ աշխարհի 33 երկրներից։