- Главная
- Node
- Արտերկրում ուսանելը` նոր աշխարհայացք. ուսանողները` ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի առանձնահատկությունների մասին
Января 31, 2025 | 16:09
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Արտերկրում ուսանելը` նոր աշխարհայացք. ուսանողները` ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի առանձնահատկությունների մասին
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական կրթությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում շարունակել են Լիլի համալսարանում (Ֆրանսիա)՝ առավել խորացնելով երկրաբանության ոլորտի վերաբերյալ գիտելիքները: Նրանք պատմել են կրթությունն արտասահմանում շարունակելու շարժառիթների, ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի կրթության կազմակերպման, ուսանող-դասախոս փոխհարաբերությունների տարբերությունների մասին:
Երկրաբանություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Մակարյանը Լիլի համալսարանում ուսումնասիրել է «Երկրապահպանություն», «Կենսաշերտագրություն», «Գիտական գրություն և հաղորդակցություն», «Երկրաբանական նյութերի բնութագրման մեթոդիկա» և այլ առարկաներ:
Նա տեսական դասընթացներին ու լաբորատոր աշխատանքներին զուգահեռ պրակտիկա է անցել արտերկրում՝ ծանոթանալով երկրաբանական ընդհանուր աշխատանքներին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Famenne-Ardenne» գլոբալ գեոպարկում այցելել է բնակերտ թունել ու ականատես եղել ստալագմիտների (քարի տեսակ, որն առաջանում է քարայրների հատակին՝ բարձրանալով ստալակտիտների դեմ հանդիման. երբեմն միանալով նրանց՝ առաջացնում են սյուներ) ու ստալակտիկների (քարի տեսակ, որն առաջանում է կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից. ստալակտիտները կախվում են քարայրների առաստաղներից) առաջացման գործընթացներին:
«Երկրաբանությունը բազմաճյուղ է, ընդգրկում է տարբեր ոլորտներ, և ներկայիս երկրաբանական նմուշները, որոնք կարող են լինել միակը՝ հայտնաբերված տվյալ տարածքից, պետք է պահպանվեն՝ հետագայում տեխնիկայի զարգացմամբ պայմանավորված ավելի լավ ուսումնասիրությունների համար»,- ընդգծեց Ռազմիկ Մակարյանը:
Ռազմիկը ԵՊՀ-ում մեկ կիսամյակ ուսանելուց հետո անցել է զինվորական պարտադիր ծառայության: Դա, սակայն, չի խանգարել նրան, որ վերադառնալուն պես շարունակի կրթությունն ու հարստանա նոր գիտելիքներով. «2020 թվականին ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, ընդամենը մեկ կիսամյակ սովորելուց հետո զինվորակոչվեցի: Ծառայությունս վերջացնելուց հետո որոշեցի, որ պետք է լավ սովորեմ։ 2023 թվականի երկրորդ կիսամյակից շարունակեցի ուսումս: Ցանկանում էի նաև օգտվել ԵՊՀ ընձեռած հնարավորությունից և ուսանել Լիլի համալսարանում, սակայն անհրաժեշտ էր անգլերենի B2 մակարդակի իմացություն: Ուստի սկսեցի խորացնել անգլերենի իմացությունս: Եթե կա հնարավորություն, ապա պետք է փորձել ու հասնել նրան, ինչին ձգտում ես: Նպատակը կար, մնում էր ջանք ու եռանդ չխնայել, ինչն էլ տվեց իր պտուղները»:
Խոսելով կրթության կազմակերպման, ուսանող-դասախոս փոխհարաբերությունների մասին՝ Ռազմիկը շեշտեց. «Դասախոսը գիտելիքին զուգահեռ պետք է ունենա ուսանողակենտրոն աշխատելաոճ, ինչը ԵՊՀ-ում բավական բարձր մակարդակի է: Իսկ ինչ վերաբերում է Լիլի համալսարանին՝ կարելի է ասել՝ հասարակությունից առանձնացված ուսանողական քաղաք է Լիլի ծայրամասում։ Այնտեղ ամեն մի մասնագիտություն ունի իր մասնաշենքը, իր սարքավորումները, բոլոր լսարանները համալրված են անհրաժեշտ գույքով։ Դասերը սկսվում են 8։00-ից: Մեկ դասն առանց դադարի կարող էր տևել մի քանի ժամ, անգամ պատահում էր՝ կեսօրին տրված մեկ ժամ ընդմիջումից հետո դասը ձգվում էր մինչև 20։00-ն. դա իմ կարծիքով չափից շատ ծանրաբեռնող է»։
Շարունակելով համեմատել ԵՊՀ-ն և Լիլի համալսարանը՝ նա ընդգծեց, որ արտերկրի բուհում մեկ դասընթացը դասավանդում էին տարբեր դասախոսներ և ասպիրանտներ. «Ամեն մեկն իրեն հատկացված ժամին ներկայացնում էր իր նյութը։ Թե՛ մասնագետները, թե՛ ուսանողները տիրապետում էին մեկ ուղղության միայն. այլ ոլորտներից հարցեր չէիր կարող տալ, մինչդեռ ԵՊՀ-ում այդպես չէ»:
Լիլի համալսարանում Ռազմիկին տպավորել է նաև այն, որ անգլերենով կազմված կրթական նյութերը և հոդվածները ամեն ամիս թարմացվել են. «Օրինակ՝ ԵՊՀ-ում դեռ կան երկրաբանության ոլորտին վերաբերող խորհրդային ժամանակաշրջանի հաշվարկներ, մինչդեռ աշխարհում, կարելի է ասել, ամեն օր նոր հայտնագործություններ են արվում»,- ասաց նա ու հավելեց, որ Լիլի համալսարանի դրական կողմերից էին գործնական դասընթացների հաճախակի կազմակերպումն ու լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը:
Մասնագիտական կրթությանը զուգահեռ Ռազմիկը Լիլի համալսարանում մասնակցել է նաև ֆրանսերենի ինտենսիվ դասընթացների, որոնք կազմակերպվել են ֆրանսերենով: Ըստ ուսանողի՝ այս մոտեցումը մի փոքր խոչընդոտում է լեզվի հեշտ յուրացմանը:
Ռազմիկ Մակարյանը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու իր գիտելիքները երկրաբանության ոլորտում. «Կցանկանայի հանքարդյունաբերության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Ցանկություն կա նաև ուսումնասիրելու մոլորակագիտություն, տիեզերագիտություն: Հուսամ՝ այս մասնագիտություններն էլ Հայաստանում արագ զարգացում կապրեն»,- եզրափակեց նա։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սարգիս Սարգսյանը ևս «Էրազմուս+» ծրագրի շրջանակում չորս ամիս սովորել է Ֆրանսիայի Լիլի համալսարանում՝ ուսումնասիրելով «Երկրապահպանություն», «Գեոմատիկա և գեոստատիստիկա, կիրառումը երկրաբանության մեջ», «Պալեոկլիմայագիտություն», «Պալեոմիջավայրի վերակառուցումներ», «Գիտական հաղորդակցություն և գրելու հմտություններ» և այլ ուսումնական առարկաներ:
Սարգիսը նշեց՝ որոշել է օգտվել ԵՊՀ ընձեռած հնարավորությունից, քանի որ ունի բարձր առաջադիմություն, հետաքրքրված է արտասահմանյան կրթական համակարգով և ասպիրանտուրա ընդունվելու նպատակ ունի:
Սարգիսին ևս գրավել է հատկապես այն փաստը, որ Լիլի համալսարանում լսարանները հագեցած են ուսանողների թվին համապատասխան ժամանակակից սարքավորումներով. «Դա ավելի է հեշտացնում գործնական աշխատանքները և ակտիվացնում ուսանողների մասնակցությունը հետազոտություններին։ Հույս ունեմ, որ ԵՊՀ-ն կշարունակի համալրել հատկապես բնագիտական ֆակուլտետների սարքավորումների քանակը»:
Սարգիսն ընդգծեց, որ ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ արտերկրի բուհում դասախոսները պատրաստակամ էին օգնելու ուսանողներին:
Նրա հետաքրքրության շրջանակում է «Հեռազննում և ԱՏՀ տեխնոլոգիաների կիրառումը անտառային տարածքների համար» թեման և վստահ է՝ արտերկրում ձեռք բերած գիտելիքները կօգնեն փորձառու մասնագետ դառնալ։