- Главная
- Node
- Հետազոտական աշխատանք կատարելու արևմտյան մեթոդների յուրացում, համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ասպիրանտը՝ Յենայի համալսարանի մասին
Февраля 06, 2025 | 14:11
Հետազոտություն
Շարունակական կրթություն
Ուսանողական
Հետազոտական աշխատանք կատարելու արևմտյան մեթոդների յուրացում, համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ասպիրանտը՝ Յենայի համալսարանի մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Ալեն Սարգսյանը միջբուհական համագործակցության շրջանակում մեկ ամիս հետազոտական աշխատանք է կատարել Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանում (Գերմանիա): Նա ընդգծում է, որ և՛ ԵՊՀ-ն, և՛ Յենայի համալսարանը խրախուսում են գիտական տարբեր ուղղությունների միջև համագործակցությունը, ինչն էլ նպաստում է հետազոտողներին համադրելու տարբեր ոլորտների մեթոդները՝ ստանալով նորարարական արդյունքներ:
- Ալե՛ն, ի՞նչ առանձնահատկություններ ունի Յենայի համալսարանը: Արտերկրի համալսարանում կրթության կազմակերպման մեթոդը նպաստու՞մ է հետազոտողների՝ նորարարական արդյունքներ ստանալուն։
- Նախ, որպես հետաքրքիր փաստ, նշեմ, որ Յենայի համալսարանում է սովորել ԵՊՀ երկրորդ ռեկտոր, անվանի պատմաբան Հակոբ Մանանդյանը, ինչպես նաև այլ նշանավոր հայ գիտնականներ, այդ թվում՝ Մանուկ Աբեղյանը: Բացի դրանից՝ Կարլ Մարքսը փիլիսոփայությունից իր դոկտորական ատենախոսությունն այդտեղ է պաշտպանել։ Այդ համալսարանում դասավանդել են նաև բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը, փիլիսոփա Հեգելը:
Առանձնահատկությունները շատ են: Ինչպես արդեն նշեցի, Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանը Գերմանիայի պատմական և ակադեմիական կարևոր կենտրոններից է: Համալսարանն ունի գիտահետազոտական առաջատար ուղղություններ կենսաբանությունից, բժշկությունից մինչև քաղաքագիտություն ու պատմագիտություն։ Բացի ֆակուլտետներից ու ամբիոններից՝ այն ունի նաև մասնագիտացված ինստիտուտներ: Համալսարանը նաև ակտիվորեն խրախուսում է ինտերդիսցիպլինար մոտեցումը, այսինքն՝ գիտական տարբեր ուղղությունների միջև համագործակցությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետազոտողներին՝ զուգակցելու տարբեր ոլորտների մեթոդները՝ ստանալով նորարարական արդյունքներ: Հնարավորություններ ընձեռելու առումով ընդգծեմ նաև, որ համալսարանը ունի ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ուսումնահետազոտական կենտրոններ և այլն։
- Յենայի համալսարանում Ձեր հետազոտության շրջանակում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ի՞նչ եզրահանգման եք եկել, ի՞նչ հեռանկարներ կան Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
- Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանում աշխատել եմ գիտական երկու հոդվածների ուղղությամբ: Ամբողջապես ավարտել եմ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության փոխհարաբերությունների սկզբնավորումը և հետագա զարգացումները» թեմայով գիտական հոդվածը։ Հետազոտություն եմ կատարել «Եվրոպական միությունը և եվրաինտեգրման գործընթացները Հարավկովկասյան տարածաշրջանում» թեմայով հոդվածի շուրջ: Որպես ուսումնասիրություններիս եզրահանգում՝ նշեմ, որ փոխհարաբերություններն անցել են սկզբնավորման ու զարգացման հարուստ ուղի, որը վերջերս նշանավորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքմամբ ու իրագործմամբ, ինչը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում: Բացի հարաբերությունների իրավապայմանագրային հիմք լինելուց՝ այս համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ոչ միայն քաղաքական և տնտեսական ոլորտներում, այլ նաև ներառում է լայն սպեկտրի համագործակցային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արդարադատությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը և այլն: Դրական հեռանկարներ կան նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի տեսանկյունից, ինչի շուրջ երկխոսության մեկնարկը տրվեց 2024 թ. հուլիսին:
- Ձեր հետազոտության շրջանակում ի՞նչ գրականությունից եք օգտվել։ Յենայի համալսարանի գրադարանն ի՞նչ հնարավորություններ է ընձեռում:
- Յենայի համալսարանի գրադարանը, որը, ի դեպ, գրեթե ամբողջապես թվայնացված է, ունի հարուստ գիտահետազոտական գրականություն ու աղբյուրներ, և չի սահմանափակվում առկա նյութերով։ Այն նաև հեռավար հասանելիություն ունի աշխարհի գրեթե բոլոր առաջատար գիտական ամսագրերին ու հոդվածներին, ինչը ինձ նման երիտասարդ հետազոտողների համար լավագույն միջոց է ժամանակակից ու դժվար հասանելի աղբյուրներից օգտվելու համար:
Հաշվի առնելով հետազոտության թեմայիս արդիականությունը՝ ինձ հետաքրքրող հրատարակությունները հիմնականում վերջին տասնամյակի ընթացքում են լույս տեսել:
- Որպես ԵՊՀ-ից հրավիրյալ ասպիրանտ՝ ի՞նչ հանդիպումներ եք ունեցել արտերկրում, առկա՞ են համագործակցության ուղիներ:
- Այցի ընթացքում պարբերաբար հանդիպել եմ Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի եվրոպագիտության բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլաֆ Լայսեի հետ, որն էլ ինձ հրավիրել էր: Միասին հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել իմ ատենախոսության թեմայի շուրջ, ինչպես նաև քննարկել ենք գիտահետազոտական մեթոդիկայի և արդի քաղաքագիտական խնդիրների վերաբերյալ հարցեր: Բացի դրանից՝ հանդիպումներ եմ ունեցել թե՛ Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, թե՛ տեղի ուսանողների ու հայցորդների հետ: Առանձին հանդիպել եմ նաև Յենայի համալսարանի կովկասագիտության ինստիտուտի ղեկավարի հետ, և պայմանավորվել ենք հետագայում համագործակցել փորձի փոխանակման և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու շուրջ:
- Անդրադառնալով արտերկրում հետազոտություն կատարելու՝ ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությանը՝ խնդրում եմ նշեք, թե ինչ քայլերով կարողացաք օգտվել այս հնարավորությունից, ինչ նոր գիտելիքներ ձեռք բերեցիք։ Արդյո՞ք այդ մեկ ամիսը նպաստավոր էր աշխարհայացքն է՛լ ավելի ընդլայնելու համար:
- Հետազոտական այցի հնարավորության մասին տեղեկացել եմ ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոնի իրազեկող նամակներից։ Ծրագիրը միանգամից հետաքրքրեց ինձ, քանի որ լսել էի Յենայի համալսարանի մասին: Քաղաքագիտության ինստիտուտի (Յենայի համալսարան) Եվրոպագիտության բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլաֆ Լայսեի կողմից հրավեր ստանալուց հետո դիմեցի մասնակցության համար։ Հարցազրույցի փուլից հետո, ընտրվելով որպես մասնակից, մեկնեցի Յենա: Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում հետազոտություն կատարելը յուրահատուկ փորձառություն էր ինձ համար՝ հաշվի առնելով համալսարանի մշակութային առանձնահատկություններն ու բարձրակարգ ակադեմիական միջավայրը: Թեև այն Գերմանիայի ամենահին համալսարաններից է, սակայն հագեցած է արդի տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտահետազոտական մոտեցումներով: Կարող եմ նշել, որ հետազոտական այցի ընթացքում կատարելագործեցի հաղորդակցման հմտություններս, ծանոթացա հետազոտական աշխատանք կատարելու գերմանական կամ արևմտյան մոտեցումներին: Այդ առումով, իհարկե, մեկ ամիս եվրոպական բուհում հետազոտական աշխատանք կատարելը նպաստավոր էր աշխարհայացքս է՛լ ավելի ընդլայնելու և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:
- Հետազոտական աշխատանքին զուգահեռ՝ Դուք նաև աշխատում եք: Ո՞ր ոլորտն եք ընտրել, որքանո՞վ է այն մոտ Ձեր մասնագիտությանը: Խնդրում եմ անդրադարձեք նաև մոտ ապագայում Ձեր ծրագրերին:
- Որպես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ և մագիստրոս, իսկ այժմ էլ ասպիրանտ՝ մասնագիտական գիտելիքներս կիրառում եմ գիտահետազոտական ոլորտում: Քանի որ գիտական հետաքրքրություններիս շրջանակում է եվրոպագիտությունը, ներկայում, մասնավորապես, հետազոտում եմ Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններն ու համագործակցությունը: Աշխատում եմ մեկ այլ ոլորտում՝ մաքսային ծառայության լեյտենանտ եմ, ավագ մաքսային ծառայող: Թեև առաջին հայացքից մաքսային ոլորտն ու միջազգային հարաբերությունները չեն խաչվում, սակայն ծառայության ընթացքում միջազգային հարաբերությունների շուրջ գիտելիքներս օգնում են միջազգային արտաքին առևտրին, միջպետական համաձայնագրերին, մաքսային ոլորտում միջազգային կապերին ու համաշխարհային միասնական մոտեցումներին վերաբերող հարցերում:
Մոտ ապագայում նախատեսում եմ հրապարակել հետազոտություններիս արդյունքները՝ գիտական հոդվածներս, դրան զուգահեռ, խորացնել նաև համագործակցությունս եվրոպական առաջատար բուհերի ու գիտնականների հետ: