ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Դեսպանը, հայերենով ողջունելով ներկաներին, նշեց. «Ես սովորում եմ հայերեն. այն գեղեցիկ, սակայն բավականին դժվար լեզու է»:
Հանդիպմանը դեսպանն անդրադարձավ ԵՄ-Հայաստան համագործակցության տարբեր հայեցակետերին, ինչպես նաև «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին, որի շրջանակում ուսանողները շարունակում են կրթություն ստանալ արտասահմանյան բուհերում։ Նա մասնավորապես ընդգծեց նաև վերջին տարիներին Հայաստանի հետ մշակութային և կրթական կապերի ակտիվացումը:

Այս տեսանկյունից կարևորվեց երիտասարդների և ուսանողների միջև միջբուհական կրթական ծրագրերով փոխանակումների ազդեցությունը, տարբեր երկրների կրթական համակարգերի ուսումնասիրությունը և նրանց կառավարման համեմատական վերլուծությունը:
Վասիլիս Մարագոսն անդրադարձավ նաև ԵՄ-ի կողմից Հայաստանում կատարվող ներդրումներին, Հայաստան-ԵՄ տնտեսական և քաղաքական գործակցությանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ԵՄ դեսպանին ներկայացրեց նորաստեղծ «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտություն» մագիստրատոսական կրթական ծրագիրը և առաջարկեց Եվրամիության գործունեությանն առնչվող թեմայով մագիստրոսական թեզ գրող ուսանողներին պրակտիկայի հնարավորություն ընձեռել ԵՄ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հանդիպումն անցավ արդյունավետ ու համագործակցային մթնոլորտում և հագեցած էր ինտերակտիվ հարցուպատասխանով:
Նշենք, որ ֆակուլտետում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների, արտասահմանյան գիտական և կրթական առաջատար հաստատություններից հրավիրված մասնագետների և դեսպանների հետ՝ նպատակ ունենալով խորացնելու և ընդլայնելու գործընկերային հարաբերությունները: