Չինաստանով ու չինական մշակույթով հետաքրքրվողների համար ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անցկացվեց «Չինական Ամանորը՝ հայ ուսանողների աչքերով» խորագրով բաց դաս:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, պրոֆոսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, ԲՊՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը նշեց, որ այսօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու հազարամյա քաղաքակրթության մշակութային ավանդույթներին:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն, դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը մատնանշեց, որ այս միջոցառումը նպատակ ունի չինարեն սովորող ուսանողներին, չինական մշակույթով հետաքրքրվող անձանց ծանոթացնելու չինական ավանդական տոներին, ինչպես նաև բարձրացնելու ուսանողների հետաքրքրվածությունը չինական մշակույթի նկատմամբ:
ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունները և նշեց, որ Հայաստանում տոնում է իր 4-րդ Ամանորը, իսկ ԵՊՀ-ում 3-րդ անգամն է, ինչ մասնակցում է չինական Նոր տարվան նվիրված միջոցառման:
«ԵՊՀ ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին շատ կարևոր է հայ-չինական բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ընդգծեց դեսպանը և հույս հայտնեց, որ ուսանողներն իրենց գիտելիքներով ու փորձով կնպաստեն հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ֆակուլտետի ուսանողները չինարենով ներկայացրին չինական Նոր տարվա սովորույթներն ու ավանդույթները, երաժշտական համարներ ու բանաստեղծություններ: