- Главная
- Node
- Միջմշակութային կապերի ամրապնդում․ արտերկրում ուսանելը՝ ԵՊՀ ուսանող Էթեր Ղալիջյանի աչքերով
Марта 05, 2025 | 17:30
Կրթություն
Ուսանողական
Միջմշակութային կապերի ամրապնդում․ արտերկրում ուսանելը՝ ԵՊՀ ուսանող Էթեր Ղալիջյանի աչքերով
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էթեր Ղալիջյանի՝ Գերմանիայում ուսանելու որոշումը հնարավորություն ընձեռեց ձեռք բերելու նոր փորձ և գիտելիքներ, բացահայտելու նոր երկիր ու մշակույթ։ Արտասահմանում սովորելը, ըստ Էթերի, դարձավ ոչ միայն մարտահրավեր, այլև հետաքրքիր և հագեցած մի մեծ փորձ։

Երևանի պետական համալսարանի ԵԼՀ միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն) բաժնի ուսանող Էթեր Ղալիջյանը մեկ կիսամյակ ուսանել է Գրայֆսվալդի համալսարանում (Գերմանիա): Սովորելով Գերմանիայում՝ Էթերը բարելավել է իր լեզվական հմտությունները, շփվելով տարբեր ազգությունների ուսանողների հետ՝ կարողացել է զարգացնել միջմշակութային հաղորդակցման ունակությունները: Միևնույն ժամանակ նա մատնանշում է այն խոչընդոտները, որոնց բախվել է, օրինակ՝ եղանակային անսովոր ցուրտ պայմանները կամ լիովին ինքնուրույն կյանքին հարմարվելը։
«Գերմանիայում ուսանողներն ունեն ուսումնական առարկաները և դասերի քանակն ընտրելու հնարավորություն։ Օրական մասնակցում էի 120 րոպե տևողությամբ 2 դասաժամի։ Որոշ առարկաների դեպքում անգամ ուսանողների ներկայությունը պարտադիր չէր։ Քաղաքը լի էր ուսանողական միջոցառումներով, ուստի առօրյան ակտիվ ու բազմազան էր»,- խոսելով արտերկրում դասերի կազմակերպման մասին՝ նշում է Էթերը՝ հավելելով, որ ուսանողական կյանքն այնտեղ եռում էր․ դասերից հետո նրանք իրենց ժամանակն անցկացնում էին ուսանողական ակումբներում, արվեստի աշխատարաններում, բարերում, կարաոկեներում և այլուր։

Էթերի խոսքով Գրայֆսվալդի համալսարանում շեշտը դրվում էր անկախ աշխատանքի, ազատ հաճախումների և առցանց ներկայացվող առաջադրանքների վրա։ Նրա աչքից չի վրիպել ուսանողների և դասախոսների հարաբերությունների գործնական և «չոր» բնույթը։ Ուսանողուհին անկեղծանում է՝ գերմանական միջավայրում բացակայում էին ջերմությունն ու ընկերասիրությունը, որ հատուկ է ԵՊՀ դասախոսներին։
«Առնչվելով տարբեր մտածելակերպ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ՝ սովորեցի համադրել գաղափարներ և կատարել վերլուծություններ: Դա ինձ օգնում է ինչպես ուսման մեջ, այնպես էլ անձնական կյանքում՝ մարդկանց ավելի լավ հասկանալու, իրավիճակը ճիշտ և բազմակողմանիորեն վերլուծելու տեսանկյունից։ ԵՊՀ-ն պարզապես կրթօջախ չէ․ այն վայր է, ուր ես ինքնաբացահայտվեցի՝ ընդլայնելով մտահորիզոնս, ձախողվեցի՝ սովորելով դասեր քաղել, ձեռք բերեցի ինձ համար կարևոր մարդկանց, կատարելագործեցի հմտություններս ու կարողություններս: Այս ամենն ինձ հետագայում կօգնի հաջողությունների հասնել թե՛ մասնագիտության մեջ, թե՛ անձնական կյանքում»,- ընդգծեց նա։
Բազմաժանր ֆիլմերի և նոր վայրեր բացահայտելու սիրահար Էթեր Ղալիջյանը մտադրված է շարունակելու ուսումը մագիստրատուրայում, սակայն որ կրթական ծրագրով՝ դեռ չի որոշել: