ԵՊՀ պատմության ֆակուլտետում ս․թ․ մարտի 10-ին կայացավ միջոցառում, որը նվիրված էր կանանց միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին «Հնագիտություն և ազգագրություն» կրթական ծրագրի ուսանողները՝ ցանկանալով անդրադառնալ հնագիտության և ազգագրության ոլորտում մեծ ավանդ ունեցող կին հետազոտողների կյանքին ու գործունեությանը։

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանը խոսեց միջոցառման կարևորության և ուսանողների ներգրավվածության մասին։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր են գիտական ոլորտում կանանց դերի ճանաչման տեսանկյունից։ Ռ․ Ծատուրյանը նշեց, որ ներկայացված մի քանի հետազոտողների մասին տեղեկություններ նախկինում բացակայում էին, և դրանք հավաքվել են ուսանողների անցկացրած հարցազրույցների միջոցով։
«Հնագիտություն և ազգագրություն» կրթական ծրագրի ուսանողները կազմակերպել էին պոստերների ցուցադրություն, որտեղ ներկայացվեցին հայ կին հնագետների և ազգագրողների կենսագրությունները ու կատարած ուսումնասիրությունները։ Դրանք ընդգծում էին յուրաքանչյուր հետազոտողի ավանդը և ազդեցությունը գիտության մեջ։
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղ, որը նվիրված էր պատմության մեջ հայտնի կանանց դերին։ Խաղը մասնակիցներին հնարավորություն տվեց ստուգելու իրենց գիտելիքները պատմությունից՝ պատմական կին գործիչների մասին, ովքեր մեծ ազդեցություն ունեցան տարբեր ոլորտներում։ Խաղի հաղթողը որպես պարգև ստացավ գիրք։
Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։