
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ու Պատմության ֆակուլտետների ուսանողական կառույցների (ՈՒԽ և ՈՒԳԸ) միջև ձևավորված միջֆակուլտետային գործակցության շրջանակում կայացավ «Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով պանելային քննարկումը, որը երկու ֆակուլտետների համագործակցությամբ անցկացվող գիտական առաջին միջոցառումն էր։
Քննարկմանը հրավիրված էին մասնագետներ ՀՀ տարբեր թանգարաններից, այդ թվում՝ ԵՊՀ պատմության թանգարանից, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանից, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանից։ Նրանք ներկայացրին թանգարանային գործունեության առանձնահատկությունները, ցուցադրությունների կազմակերպման մեթոդները, ժամանակակից ու ինտերակտիվ լուծումները, ինչպես նաև ուսանողների ներգրավվածության հնարավորությունները։ Ընտրված թանգարանները սերտորեն կապված են պատմության, երկրաբանության, աշխարհագրության, սերվիսի և հնագիտության ոլորտների հետ։

Քննարկման շրջանակում ձևավորվեց միջմասնագիտական կապ, որի շնորհիվ թանգարանային ցուցադրությունները ձեռք են բերում նոր արժեք, ինչպես նաև մշակվում են կառավարման ու սպասարկման արդյունավետ մեթոդներ՝ այցելուների փորձառությունն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ այս համագործակցությունն աննախադեպ է և ապացուցում է, որ, չնայած մասնագիտությունների տարբերությանը, հնարավոր է ստեղծել միջմասնագիտական կապեր և կազմակերպել արդյունավետ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գիտական մտածողության զարգացմանը։ Նա ընդգծեց նաև ուսանողական կառույցների մեծ դերը այսօրինակ նախագծերի իրականացման գործում, քանի որ դրանք նպաստում են ուսանողների ակտիվ ներգրավվածությանը համալսարանական կյանքում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրելյանն իր հերթին նշեց, որ համագործակցությունը լիովին հաջողված է, և հույս հայտնեց, որ այստեսակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։