ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարների շրջանակում անցկացվեց «Խորհրդային անցյալի ու խորհրդային ժառանգության մարդաբանական ուսումնասիրությունը» թեմայով դասախոսություն։ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Յուլիա Անտոնյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող գիտական հետազոտության արդյունքները։
Սեմինարի ընթացքում ներկայացվեց «անցման» (Transition) խոսույթը՝ սոցիալիստական համակարգից դեպի ժամանակակից արևմտյան հասարակական, տնտեսական-քաղաքական համակարգ անցման գործընթացը։ Բանախոսը վերլուծեց այդ մոտեցման ազդեցությունը հետխորհրդային հասարակությունների ձևավորման վրա՝ անդրադառնալով համապատասխան տեսությունների (օրինակ՝ Lane-ի «Trajectories of Transformation») հիմնական դրույթներին։
Քննարկման կարևոր թեմաներից էր նաև խորհրդային փորձի ընկալումը՝ որպես տրավմատիկ փորձ։ Ներկայացվեցին տեսական մոտեցումներ, որոնք անդրադառնում են խորհրդային անցյալի նկատմամբ հասարակական և գիտական մոտեցումների փոփոխություններին։
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում խորհրդային անցյալի և դրա ժառանգության ուսումնասիրման հիմնախնդիրներին։ Քննարկվեցին հետազոտական մեթոդները, առկա տեսական շրջանակները, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առաջանում են խորհրդային ժամանակաշրջանի ժառանգության վերլուծության ընթացքում։
Սեմինարի անցկացումը կարևոր էր խորհրդային անցյալի ուսումնասիրության մեթոդների ու մոտեցումների քննարկման համար՝ ընդգծելով դրա բազմաշերտ բնույթը և հետազոտության անհրաժեշտությունը։