ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքային դրվագների շուրջ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը:
Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ հայ-բելգիական հարաբերություններին, Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի հեռանկարներին՝ կարևորելով քաղաքական, մշակութային, գիտակրթական կապերի ամրապնդումը:
Անդրադառնալով գիտակրթական ոլորտում համագործակցությանը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն ընդգծեց միջբուհական համագործակցության կարևորությունը և նշեց, որ Գենտի համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական հետազոտությունների ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում նախաձեռնելու դասախոսների և ուսանողների միջև միջբուհական կրթական ծրագրերով փոխանակումներ:
Դեսպանը ուսանողներին տեղեկացրեց ՀՀ-ում Բելգիայի դեսպանատանը մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորության մասին՝ կարևորելով ֆրանսերենի խորացված ուսուցումը:
Այնուհետև ամփոփվեցին ԵՊՀ և «SPFA» ֆրանսիական կազմակերպության համագործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, մրցույթի հանձնաժողովի նախագահ Վարդուհի Պետրոսյանն անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված մրցույթին և շնորհակալություն հայտնեց մրցույթի բոլոր մասնակիցներին հետաքրքիր և պատշաճ ֆրանսերենով շարադրված էսսեներ ներկայացնելու համար:
Մրցույթի հաղթողներ են ճանաչվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Նարե Հարությունյանը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարական վարժարանի աշակերտ Հասմիկ Խաչատրյանը, Մոսկվայի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Դիանա Պողոսբեկյանը։ Նրանք համապատասխանաբար զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Մրցանակի են արժանացել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Ժաննա Ղազարյանն ու Լուսինե Դեմիրչյանը:
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: