ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների համար «Մարմնի ճարպի տոկոսը. որոշիչ գործոն կոֆեինի անվտանգ չափաբաժնի համար» («Body Fat Percentage: A Crucial Factor in Safe Caffeine Dosage») խորագրով զեկուցմամբ հանդես եկավ Լեհաստանի Օպոլեի համալսարանի առողջապահական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին (Przemysław Domaszewski)։
Դոկտոր Դոմաշևսկին փաստեց, որ կոֆեինը աշխարհում ամենատարածված խթանիչներից է և կիրառվում է բնակչության շուրջ 90%-ի կողմից՝ լինելով բնական ուժեղ հակաօքսիդանտային միջոց։ Նա մատնանշեց, որ սուրճի տարբեր տեսակներում կոֆեինի պարունակությունը տարբեր է, ինչը կախված է նաև սուրճի պատրաստման մեթոդից։ Կարևոր է այն, որ մարդիկ սուրճը կիրառեն՝ հաշվի առնելով իրենց մարմնի քաշը, իսկ Պժեմիսլավ Դոմաշևսկիի հետազոտության արդյունքները նկատի առնելով՝ հաշվի առնեն մարմնի ճարպի տոկոսը, քանզի անվտանգ չափաբաժնի համար այն կարևոր գործոն է։

Զեկուցումը ընթացավ ակտիվ քննարկմամբ, որի շրջանակում ներկաները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Պժեմիսլավ Դոմաշևսկին սպորտային սնուցման մասնագետ և հավելումների փորձագետ է՝ լեհ լավագույն մարզիկների հետ աշխատելու ավելի քան 20 տարվա փորձառությամբ։ Նրա հետազոտական աշխատանքները (H-index: 10, Scopus) ուղղված են մարմնի կազմից կախված կոֆեինի հավելումների օպտիմալացմանը և ֆիզիկական առողջության վրա ինտերվալային ծոմապահության և սննդային հավելումների ազդեցությանը:

Հիշեցնենք, որ դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին ս․թ․ մարտի 4-ից ապրիլի 2-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում կատարում է հետազոտություններ թերապևտիկ պոտենցիալով նոր պեպտիդոմիմետիկ միացությունների սինթեզի ոլորտում, Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff Exchanges) ծրագրի «Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ (PurHumanDrome)» («Disrupting purine de novo biosynthesis to fight cancer - from molecules to cells to in vivo studies») թեմայով դրամաշնորհի շրջանակում։