
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնում դոցենտ Օլիմպիա Գեղամյանի հրավերով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:
Դասախոսությանը մասնակցել են Իրավագիտության ֆակուլտետի «Բիզնես իրավունք և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները («Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները» դասընթացի շրջանակում), բակալավրատի 3-րդ կուրսի ուսանողները («ՀՀ էկոլոգիական իրավունք» դասընթացի շրջանակում):

Օլիմպիա Գեղամյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել շուրջ 4 տարվա համագործակցության համար՝ նշելով, որ տեսական գիտելիքներ ստանալը կարևոր է, բայց այն լիարժեք է դառնում, երբ արդյունավետ կիրառվում է իրական կյանքում՝ անմիջական շփման մեջ լինելով ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս հասկանալու ոլորտի ընթացիկ վիճակը, քաղաքական և իրավական շրջանակը, ինչպես նաև նորագույն փոփոխությունները և պահանջները։ Այն նաև օգնում է ճշտելու տեսական մտքերի և մոտեցումների համապատասխանությունը պրակտիկ խնդիրներին, ինչի արդյունքում կարող ենք մշակել ավելի արդյունավետ և նպատակային լուծումներ։

Հովհաննես Մարտիրոսյանը բարձր է գնահատել համագործակցությունը գիտակրթական հաստատությունների, հատկապես ապագա մասնագետների պատրաստման երաշխավորների հետ: Նա ներկայացրել է բնապահպանական վերահսկողության խնդիրները, մանրամասն քննարկել բնապահպանական պետական տեսչական համակարգը, բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղություններն ու ձևերը, թեմատիկ ուսումնասիրությունների շրջանակում առկա խոչընդոտներն ու դժվարությունները, ոլորտի ձեռքբերումները:
Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ ընդգծելով նրանց պատրաստվածության ու հետաքրքրվածության բարձր մակարդակը և հույս հայտնել, որ ապագայում բոլորը կգտնեն իրենց պատշաճ տեղը իրավական համակարգում: