Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր Գենտի համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Միկե վան Հերևեխենի գլխավորությամբ։ Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ղեկավարության, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների և Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկու համալսարանների միջև համագործակցության հնարավոր ուղիները, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փորձի փոխանակման մեխանիզմների ամրապնդումը։ Այցի շրջանակում ԵՊՀ էր այցելել նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի համագործակցային մի շարք առաջարկներ։ Կրթական ոլորտում առաջարկվում է մշակել համատեղ կրթական ծրագրեր և դասընթացներ, որոնք կներառեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Մեծ կարևորություն է տրվել նաև ուսանողների փոխանակման ծրագրերին, որոնք թույլ կտան ամբիոնի մագիստրանտներին խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները միջազգային ակադեմիական միջավայրում։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների շարք, որոնք կիրականացվեն ինչպես առցանց, այնպես էլ այցերի միջոցով։ Սա հնարավորություն կտա երկու համալսարանների դասախոսներին հանդես գալու փոխադարձ դասախոսություններով և գիտական քննարկումներով։ Բացի դրանից՝ նախատեսվում է կազմակերպել աշխատաժողովներ, որին կմասնակցեն ոչ միայն դասախոսներ, այլև մագիստրոսներ և ասպիրանտներ՝ ապահովելով երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ։
Հետազոտական համագործակցության շրջանակում կարևորվում է համատեղ գիտահետազոտական և դաշտային աշխատանքների իրականացումը։ Առաջարկվում է համատեղ կազմակերպել գիտաժողովներ, հրապարակել գիտական հոդվածներ և աշխատություններ։

Գիտական համագործակցությունը ներառում է նաև որոշակի թեմատիկ ուղղություններ, որոնք կարող են լինել երկու համալսարանների հետազոտական խմբերի ուշադրության կենտրոնում։ Այդ ուղղություններից են Հյուսիսային Կովկասի ժողովրդագրական դինամիկան, ազգագրական կազմը և կրոնական կառուցվածքը, ինչպես նաև այդ տարածաշրջանում միջէթնիկ հարաբերությունները և դրանց հետ կապված հիմնախնդիրները։
Հետազոտության առանցքում կարող են լինել նաև Վրաստանի միջէթնիկ հարաբերությունների և ազգային փոքրամասնությունների գիտական խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում ազգային քաղաքականության առանձնահատկություններին, մշակութային ժառանգության պահպանությանն ու դրա վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Գենտի համալսարանի տարբեր ֆակուլտետների պրոֆեսորների ու դասախոսների և Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշվեց շարունակել համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը կրթության, գիտության և հետազոտության տարբեր ոլորտներում։