Ս.թ. մարտի 17-19 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և «Observer Research Foundation»-ի համագործակցությամբ ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Միքայելյանը Նյու Դելիում մասնակցել է «Raisina-IE Global Student Challenge»-ին: Միջոցառումը կազմակերպել է «Observer Research Foundation»-ը, որը համագործակցում է Հնդկաստանի կառավարության և արտաքին գործերի նախարարության հետ: Այս եզակի նախաձեռնությունը համախմբում է աշխարհի առաջատար կառավարման դպրոցների և միջազգային հարաբերություններով հետաքրքրվող ուսանողներին, ինչպես նաև խթանում է միջբուհական և միջտարածաշրջանային համագործակցությունը՝ ձևավորելով թիմեր աշխարհի տարբեր համալսարաններից ու տարածաշրջաններից:

Երիտասարդ մասնակիցներին միջոցառումը հնարավորություն է տվել առաջարկելու նորարարական լուծումներ համաշխարհային կառավարման մարտահրավերների վերաբերյալ՝ նպաստելով միջազգային քաղաքականության շուրջ շարունակական երկխոսությանը: Այս տարվա հիմնական թեման էր «Building Bridges: Mitigating the North-South Divide»-ը: Շուրջ 60 երկրներից հրավիրված ուսանողները ներկայացրել են իրենց տեսակետները գլոբալ Հյուսիսի և Հարավի միջև թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ու զարգացման միտումների վերաբերյալ: Քննարկվել են նաև միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և միջազգային տնտեսական հարաբերությունների առանցքային խնդիրներն ու դրանց հնարավոր զարգացումները:
Մարտի 17-ին ուսանողները մասնակցել են պանելային քննարկման, որի ընթացքում ելույթ են ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, «Observer Research Foundation»-ի նախագահ Սամիր Սարան և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 18-19 մասնակիցները թիմերով ներկայացրել են իրենց զեկույցները, պատասխանել ներկաների հարցերին։ Փակման արարողության ընթացքում մասնակիցներին շնորհել են հավաստագրեր, մասնագիտական գրքեր և հուշագրեր: Միջոցառման շրջանակում Նարեկ Միքայելյանը հանդիպել է Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև այլ դիվանագետների ու պաշտոնյաների հետ:
«Raisina-IE Global Student Challenge»-ը կարևոր հարթակ է երիտասարդ մասնագետների համար՝ ձևավորելու գլոբալ կառավարման ապագայի նոր հեռանկարներ, ընդլայնելու միջազգային կապերը և խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները: