Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի կառավարման հարթակում (e-learning) արդեն հասանելի է գրագողության հայտնաբերման «Turnitin similarity» ծրագիրը, որով ստուգվելու են ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը։ Այս գործիքի կիրառման մանրամասները պարզաբանելու նպատակով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որը վարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը։
«Turnitin Similarity» գործիքը նախատեսված է ակադեմիական աշխատանքների ինքնատիպության ստուգման համար: Համալսարաններում այն լայնորեն կիրառվելու է ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և գիտական հոդվածների ստուգման նպատակով: Գործիքը հնարավորություն է տալիս բացահայտելու գրագողության (պլագիատ) հավանական դեպքերը՝ համեմատելով աշխատանքը համաշխարհային տվյալների բազաների և ակադեմիական գրականության հետ:

Անդրադառնալով գործիքի կիրառման նշանակությանը՝ Ա․ Ավագյանը նշեց․ ««Turnitin Similarity» գործիքի հիմնական գործառույթը ակադեմիական ազնվության ապահովումն է՝ կանխելու ոչ ինքնատիպ նյութերի օգտագործումը: Համալսարաններում այն կարևորվում է որպես վերահսկման և գնահատման գործիք, որն օգնում է բարելավելու աշխատանքների որակը»:
Նա ընդգծեց, որ «Turnitin»-ի հաշվետվությունը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ աշխատանքը նման գրավոր այլ նյութերին՝ ընդգծելով աշխատանքի այն հատվածները, որոնք համընկնում են արտաքին աղբյուրների հետ: Այդ տեղեկության հիման վրա դասախոսները կարող են որոշել՝ արդյո՞ք համընկնումների ծավալը համապատասխանում է համալսարանի սահմանած պահանջներին։ «Նմանության միավոր»-ը ներկայացնում է գրավոր աշխատանքի այն տոկոսը, որն ունի համընկնումներ կամ նման է համացանցում՝ ԵՊՀ-ի տվյալների բազաներում այլ անձանց աշխատանքներում գտնված նյութերին: Նմանությունը չի նշանակում, որ աշխատանքը պլագիատ է:

Դասախոսը «Similarity» հաշվետվության գնահատման ժամանակ պետք է հաշվի առնի նմանության ընդունելի ձևերը, ինչպիսիք են մեջբերումները, հղումները և գրականության ցանկը։
Դասախոսության ընթացքում քննարկվեց «Turnitin similarity» գործիքի հիմնական նշանակությունը, հաշվետվության գեներացման հնարավորությունը, նմանության միավորը, ընդունելի նմանության միավորը, գործիքի մենյուները և ֆունկցիաները, ֆիլտրերի նկարագրությունը և օգտագործումը, «Submission details» մենյուն, «Turnitin similarity» հաշվետվության «Download» մենյուն, «Help» մենյուն։
«Turnitin Similarity» գործիքն օգնում է դասախոսներին և ուսանողներին գնահատելու աշխատանքների ինքնատիպությունը՝ բարձրացնելով կրթության որակը: