Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում
Ս․թ․ ապրիլի 15-18-ը ԵՊՀ-ում կանցկացվի «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու․ ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը։
Միջոցառումը կմեկնարկի ս․թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (այնուհետև կշարունակվի Պալեանների անվան դահլիճում, ապրիլի 16-ին և 18-ին՝ ԵԼՀ ֆակուլտետի կոնֆերանսների դահլիճում)։
Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիան աշխարհում իսպաներենի, իսպանական մշակույթի և լեզվի դասավանդման ամենահեղինակավոր ասոցիացիաներից է, որը միավորում է աշխարհի շուրջ 40 երկրների մասնագետների։ Այս տարի ասոցիացիայի գիտաժողովը կանցկացվի ԵՊՀ-ում՝ Ռոմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցությամբ։
Գիտաժողովի ուսումնասիրության առանցքում են ժամանակի և տարածության մեջ իսպաներենի զարգացմանն առնչվող բազմաբնույթ խնդիրները, որտեղ լեզվի հարուստ գրական և մշակութային ժառանգությունն այն հիմնասյունն է, որի շուրջ ներդաշնակորեն միահյուսվում են նորարարություններն ու ավանդույթները։
Գիտաժողովին կմասնակցեն հայաստանյան և եվրոպական երկրների առաջատար բուհերի (Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ռումինիա, Լատվիա, Վրաստան) մասնագետներ՝ քննարկելու իպաներենի, իսպանախոս երկրների գրականությանն ու մշակույթին առնչվող բազմաբնույթ հարցեր։
Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Ռաֆայել Գոնսալես Ալեմանը, Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության գործերի հավատարմատար Սանդրա Սանտանան և ՀՀ-ում Իսպանիայի դեսպանատան գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսան, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։
Գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ։
Այլ մանրամասներ՝ կից։