
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում ս․թ․ ապրիլի 10-11-ը անցկացվեց մասնագիտական սիմպոզիում՝ «Մարքեթինգային հաղորդակցություն և բիզնես խոսույթ. հեռանկարներ և մարտահրավերներ» («Marketing Communication and Business Discourse: Perspectives and Challenges») խորագրով։ Սիմպոզիումը կազմակերպվել էր ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ։
Այն համախմբել էր մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, փորձագետների, գիտնականների, տվյալ ամբիոնի՝ գործարար հաղորդակցության ոլորտում իրենց դիրքերն ամրապնդած շրջանավարտների, ինչպես նաև մագիստրանտների՝ համատեղելու նրանց տեսական գիտելիքը, գործնական փորձն ու նորարարական մոտեցումները։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում մեր կյանքը» («How is AI Changing Our Lives») խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրին արհեստական բանականության ազդեցությունը մեր առօրյայի, մասնագիտական ոլորտների ու համաշխարհային շուկայի վրա՝ բացահայտելով դրա ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները։

Սիմպոզիումի կարևոր բաղադրիչներից մեկը նաև գործնական աշխատաժողով-քննարկումն էր, (Simulation Game), որը հնարավորություն տվեց մասնակիցներին խորացնելու իրենց գործարար հաղորդակցության, բանակցությունների վարման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունները։
Սիմպոզիումի ավարտին մասնակիցները գործնական շրջայց կատարեցին ՄԱՊ կոնյակի և գինու գործարան՝ գինեգործության բիզնեսի գովազդման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։