ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետում հյուրընկալվեց ազգային երգարվեստի վաստակավոր վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Ռուբեն Մաթևոսյանը։

Մեծ արտիստի ներկայությամբ օրը լցվել էր սիրով ու ջերմությամբ: Ռուբեն Մաթևոսյանը ներկաների հետ ջերմ զրույցում պատմեց իր ուսանողական տարիներից՝ անսահման երախտագիտությամբ հիշելով իր վաստակաշատ ուսուցիչներին: Հայտնի երգիչը վերհիշեց իր ստեղծագործական ուղու հիշարժան դրվագներից, խոսեց հայ ժողովրդական երգարվեստի առանձնահատկություններից: Ներկայացնելով ազգային երաժշտության պահպանման և սերունդներին փոխանցելու իր տեսլականը՝ մեծանուն հայը ընդգծեց. «Չկա «դժվար» հասկացություն, կա «հաղթահարելի»…»։
Հանդիպման ընթացքում սիրված երգիչը անկեղծությամբ պատասխանեց ներկաների հարցերին՝ խոսելով տարիների իր փորձից։
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ մասնակիցներին ներշնչելով ազգային երգարվեստի, առհասարակ բարձր արժեքներին հավատարիմ մնալու և ազգային մշակույթով ապրելու գաղափարը։