- Главная
- Node
- Հայ-ղազախական գիտակրթական կապերի ընդլայնում. ԵՊՀ-ում կնքվեց հուշագիր
Апреля 17, 2025 | 15:22
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հայ-ղազախական գիտակրթական կապերի ընդլայնում. ԵՊՀ-ում կնքվեց հուշագիր
Երևանի պետական համալսարանը և Սեմեյի Շաքարիմ համալսարանը (Ղազախստան) նոր էջ են բացում հայ-ղազախական ակադեմիական հարաբերություններում։ Երկու բուհերի ներկայացուցիչների ստորագրած համագործակցության հուշագիրը բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարությունների ոլորտներում նախատեսում է լայնածավալ միջազգային գործընկերություն։

Համագործակցությունն իրականացվելու է երկու երկրների օրենսդրական դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Կողմերը պատրաստակամություն են հայտնում համատեղ իրականացնելու ուսուցում, վերապատրաստում, գիտական ու կրթական գործունեության կատարելագործում ուսանողների, դասախոսների ու վարչական անձնակազմի համար։
Հուշագրի շրջանակում կողմերը խրախուսելու են ակադեմիական շարժունությունը և գիտական փորձնակության կազմակերպումը։ Նպատակ է դրվել նաև իրականացնելու կրկնակի դիպլոմներ տրամադրող կրթական ծրագրեր (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
Բացի դրանից՝ նախանշվում են համատեղ մշակել ուսումնական ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր։
Համագործակցությամբ նախատեսվում են նաև միջազգային համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև երկու բուհերի նյութատեխնիկական բազայի զարգացմանը միտված անհրաժեշտ այլ ծրագրեր։
Հուշագրի կնքումը ԵՊՀ-ի միջազգայնացման ռազմավարության հերթական քայլն է՝ ուղղված կրթական ու գիտական կապերի ընդլայնմանը, փորձի փոխանակմանն ու միջմշակութային երկխոսության խթանմանը։