ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Ամեն տարի գարնանը կազմակերպվող միջոցառման նպատակն է փորձի փոխանակման, համագործակցության և նոր նախաձեռնությունների շուրջ միավորել հոգեբանության ոլորտի մասնագետներին, ուսանողներին և հոգեբանական կենտրոնների ներկայացուցիչներին։ Այն հնարավորություն է տալիս հոգեբանության ոլորտում թե՛ սկսնակ, թե՛ փորձառու մասնագետներին հանդես գալու իրենց ծրագրերով և գործունեությամբ, իսկ ուսանողներին՝ գտնելու մասնագիտության հեռանկարները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանը։ Կարևորելով նախաձեռնության գիտակրթական նշանակությունը՝ նա ասաց․ ««Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը նպատակ ունի առավել ինտերակտիվ և տեղեկատվական ուղիներ ու հնարավորություններ ստեղծելու հոգեբանների համար։ Այսօրինակ միջոցառումները նպաստում են նաև մասնագիտական գործունեության որակի բարձրացմանը, ինքնակրթությանն ու մասնագիտական աճին, առողջ մրցակցությանը և համագործակցությանը։ Այն կամուրջ է ստեղծում հոգեբանության գիտակրթական և կիրառական, մասնավոր և պետական կառույցների միջև։ Հեռանկարներում այն միտումն է, որ վերնիսաժը ընդլայնի իր հնարավորությունները գործատուների և կազմակերպությունների առումով՝ դարձնելով այն միջազգային մակարդակի միջոցառում»։
Նշենք, որ «Հոգեբանական վերնիսաժ»-ի շրջանակում այս տարի համալսարանում հյուրընկալվեցին մասնագետներ երկու տասնյակից ավելի հոգեբանական կենտրոններից, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ իրենց կրթական ծրագրերով, հասարակական կազմակերպություններից և գիտական լաբորատորիաներից՝ իրենց բացառիկ սարքավորումներով և գործիքներով, ինչպես նաև անհատ հոգեբաններ ու հետազոտողներ։
Գիտագործնական միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ կազմակերպելով գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին գիտական տարբեր թեմաներ և հետազոտություններ։
«Հոգեբանական վերնիսաժ»-ի կազմակերպական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց ֆակուլտետի կամավորների թիմը, որը ղեկավարում էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դիանա Սարգսյանը։ Նա նշեց, որ միջոցառումն իր մասշտաբով աննախադեպ էր։ Ըստ նրա՝ այս տարի մասնակիցների քանակը գերազանցեց սպասելիքները, ինչը խոսում է նախագծի հաջողված և սպասված լինելու մասին։
«Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը հագեցած էր նաև մասնագիտական գրքերի ցուցադրությամբ, գիտական ամսագրերի տաղավարներով, ինտելեկտուալ և ստեղծագործական խաղերով, մրցույթներով։