ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ճանաչողական այց, որը նախատեսված էր ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ մարզերի միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների համար: Երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այցին այս տարի մասնակցեցին Հայաստանի Հանրապետության 100 դպրոցների մոտ 1600 աշակերտներ:

Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում աշակերտներին և ուսուցիչներին ապրիլի 11-ին և 18-ին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ողջունեց ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ղազարյանը։ Նմանօրինակ այցերի նպատակն է աշակերտներին ծանոթացնել կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքի, ընդունելության կարգի, գործող կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացների հետ: Նա նշեց, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կրթական գործընթացը եռաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա՝ առկա և հեռակա ձևաչափերով: Աշակերտների հետ զրույցի ընթացքում նշվեց նաև, որ ֆակուլտետում մեծ կարևորություն է տրվում նոր գիտական ծրագրերի ներդրմանը և առկա ծրագրերի բարելավմանը, ինչը կնպաստի կենսաբանության ոլորտում արդի խնդիրների արդյունավետ լուծմանը:
Կարեն Ղազարյանը նշեց նաև ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված հնարավորությունների մասին՝ անդրադառնալով մասնավորապես բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսեցիների՝ Ծաղկաձորի ուսումնական բազայում անցկացվող դաշտային, իսկ ավելի բարձր կուրսեցիների՝ ԳԱԱ ինստիտուտների և մասնավոր լաբորատորիաներում մասնագիտական պրակտիկաների մասին: Դեկանը կարևորեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացը՝ զուգահեռ ներկայացնելով նաև լայն աշխատաշուկան, որտեղ կարող են աշխատել ֆակուլտետի շրջանավարտները:
Հանդիպման ընթացքում աշակերտները շրջեցին ֆակուլտետի 7 ամբիոններով, ծանոթացան այնտեղ իրականացվող ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներին: Այցելելով նաև գիտական լաբորատորիաներ՝ աշակերտները ծանոթացան ժամանակակից սարքավորումներին և կենսաբանական արդի գիտական ուղղություններին:
Աշակերտների ճանաչողական այցի ժամանակ մեծ ակտիվություն ցուցաբերեցին Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչները: Նրանք ոչ միայն ուղեկցում էին աշակերտներին համապատասխան ամբիոններ և լաբորատորիաներ, այլև պատմում կենսաբանության ֆակուլտետի ուսանողական կյանքի ակտիվության, հետաքրքրության և հագեցվածության մասին։
Հանդիպման ավարտին նշվեց, որ կարևորելով աշակերտների ոգևորությունը և մեծաքանակ հոսքը՝ կենսաբանության ֆակուլտետում նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն: Նմանօրինակ միջոցառումները մեծապես կօգնեն աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում: