ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն անցկացրին «Մոցարտը ռուս գրականության մեջ» խորագրով օրինակելի բաց դաս:
Դասի թեման էր «Մոցարտը ռուս գրականության մեջ»: Ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին հատվածներ Ա.Ս. Պուշկինի, Կ. Պաուստովսկու, Ֆ. Իսկանդերի, Բ. Օկուջավայի ստեղծագործություններից: Ընթերցվեցին և վերլուծվեցին հատվածներ ստեղծագործություններից, ցուցադրվեցին նկարներ, հնչեցին երգեր: Դասը հագեցած էր և հետաքրքիր:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի աշակերտներն առաջին անգամ չէ, որ այցելում են ֆակուլտետ: Ամեն անգամ աշակերտները դասախոսություններից հետո մասնակցում են հետաքրքիր քննարկումների: Աշակերտներն այս անգամ իրենք վարեցին դասը դպրոցի ուսուցչի, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմինե Գասպարյանի ղեկավարությամբ:
Դասին ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ: Ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դոցենտ Կարինե Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին հետաքրքիր դասի համար, գովեստի խոսքեր ասաց տեքստերի ճիշտ ընթերցման, մեկնաբանման համար:
Ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովայի խոսքով հանդիպումների նման ձևաչափն արդյունավետ է դպրոց-բուհ կապն ակտիվացնելու, ամրապնդելու տեսանկյունից:
Միջոցառման ավարտին առավել ակտիվ մասնակիցները ֆակուլտետի կողմից պարգևատրվեցին գրքերով և գովասանագրերով: