- Главная
- Node
- ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Марта 16, 2023 | 11:15
Կրթություն
Գիտություն
ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Փիլիսոփայությունը և հոգեբանությունը այն հիմնային ոլորտներն են, որոնք քննության են առնում մարդու բնույթն ու գոյը։ Փիլիսոփայությունն զբաղվում է բնության և կյանքի ուսումնասիրությամբ, մինչդեռ հոգեբանությունը վերլուծում է մարդու միտքն ու վարքագիծը՝ հաշվի առնելով հանգամանքներն ու մասնավոր իրավիճակները:
Հոգեբանությունը, ծագելով փիլիսոփայությունից, վերջինիցս էականորեն տարբերվում է. ժամանակակից փիլիսոփայության հիմնախնդիրներից են արդի քաղաքակրթության գիտական ու փիլիսոփայական զարգացման միտումների համակարգումը, ճգնաժամերի աշխարհայացքային շարժառիթների կանխատեսումը և դրանց հաղթահարման հայեցակարգերի մշակումը: Հոգեբանությունն ուսումնասիրում է հոգեկանի կառուցվածքը, զարգացման փուլերը, ախտաբանական դրսևորումների ընկալումները, մեկնաբանություններն ու վերլուծությունը, ինչպես նաև հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրագործման սկզբունքներն ու մեթոդները։
Ինչպես ասել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը. «Ինքնաճանաչումը բոլոր իմաստությունների սկիզբն է»: Այդ սկզբունքով են առաջնորդվում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական արհեստավարժ կազմը՝ առաջարկելով արդիական, գոյության համար կարևոր հարցերի շուրջ խորհելու և ինքնակատարելագործվելու հիմնավոր գիտելիքներ, ինչպես նաև մասնագիտական զարգացման ու առաջընթացի ուղեցույց։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր կրթության որակի բարձրացման և այդ ոլորտում ուսանողների ներգրավման ուղղությամբ։ Ֆակուլտետի դասախոսները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փոխանակման ծրագրերի, որոնց շրջանակում ոչ միայն իրենք են վերապատրաստվում, այլև վերապատրաստում են գործընկեր կրթական հաստատությունների դասախոսներին։
Ֆակուլտետի գիտական գործունեության կարևոր մաս են կազմում դրամաշնորհային ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև մագիստրանտներ։ Տեղականից զատ՝ ֆակուլտետն անդամակցում է միջազգային ծրագրերի, որոնցից է «Psi Chi» հոգեբանական միջազգային պատվավոր ընկերակցությունը, որի շրջանակում իրագործվող ծրագրերին ևս մասնակցում են ֆակուլտետի ուսանողները։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ուսանողները համընդգրկուն պատկերացում են կազմում երկու ոլորտների վերաբերյալ բակալավրիատում ուսանելիս, իսկ մագիստրատուրայում արդեն հմտանում են կոնկրետ մասնագիտացումներում՝ հնարավորություն ունենալով ուսումնասիրելու հոգեբանության մի շարք ոլորտներ (բարոյագիտություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն, կառավարման հոգեբանություն, մանկական հոգեբանություն և հոգեթերապիա, կիրառական հոգեբանություն, կառավարման հոգեբանություն և ընտանիքի հոգեբանություն)։
Ֆակուլտետը համագործակցում է պետական կառավարման համակարգի, կրթահամալիրների, հասարակական կազմակերպությունների, կլինիկաների, քրեակատարողական հիմնարկների, ձեռնարկատիրական կազմակերպությունների, բանկերի և շատ այլ հաստատությունների հետ։ Այդ գործակցությունների շրջանակում ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկաներ՝ հետագայում հիմնական աշխատանքի անցնելու հեռանկարով։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ոչ միայն հմուտ հոգեբաններ և փիլիսոփաներ, այլև վերլուծաբաններ և ցանկացած բնագավառում ռազմավարական պլանավորում կատարող փորձագետներ պատրաստելուն, քանի որ ինչպիսին կազմակերպության փիլիսոփայությունն է, այնպիսին էլ նրա կատարած աշխատանքն է։ Բացի դրանից՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն հոգեբանները, որոնք ծավալում են բազմաբովանդակ գործունեություն՝ աջակցելով հաստատություններում առողջ մթնոլորտի ստեղծմանը, ապահովմանը և նմանօրինակ առանցքային գործառույթների կատարմանը։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան