- Главная
- Node
- ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
Марта 20, 2023 | 17:05
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Եռակողմ հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, տնտեսական մրցակցության պաշտպանության կարգավորումների արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստումը։
Ըստ հուշագրի՝ համատեղ մշակվելու են կրթական ծրագրեր, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կազմակերպվելու են ուսանողական պրակտիկաներ, մասնագիտական դասընթացներ, իրականացվելու են հետազոտական նախագծեր և այլ միջոցառումներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այս համագործակցությունը, կոչ է արել ուսանողներին ձեռքից բաց չթողնել ընձեռված հնարավորությունն ու օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից՝ փաստելով, որ պրակտիկան ուսումնառության ամենակարևոր բաղադրիչներից է, որն օգնում է հարստացնել գիտելիքների պաշարն ու զարգացնել փորձնական հմտությունները:
Հ․ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ այսօր ստորագրված հուշագիրը կնպաստի երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների ավելացմանը։
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշել է, որ հուշագրի նպատակն է կրթություն-աշխատաշուկա կապի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ապագա մասնագետներին պետական կառավարման համակարգում զարգացնելու գործնական հմտությունները: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը փաստացի վաղուց է մեկնարկել, և այս հուշագրով պարզապես այն իրավական հիմքերի վրա է դրվում: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորս ուսանողներ այսօր արդեն աշխատում են հանձնաժողովում, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում բուհի ուսանողների համար. նրանք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու հանձնաժողովի նիստերին, ծանոթանալու ՄՊՀ գործունեությանը, ինչպես նաև որպես փորձնակ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքում և հետագայում հիմնական աշխատանքի անցնելու: