- Главная
- Node
- «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ...» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԵՊՀ-ՈՒՄ
Апреля 01, 2023 | 13:10
Կրթություն
Մշակույթ
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ...» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմադրած «Վահան Տերյան...» ներկայացման առաջին ցուցադրությունը:
Բեմադրության սցենարի հեղինակը և ռեժիսորը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանն է, երաժշտությունը գործիքավորել է կոմպոզիտոր Արթուր Հակոբյանը, հագուստները ձևավորել է նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը, պարային բեմադրությունները կատարել է Անի Հարոյանը, տեխնիկական ապահովումը՝ Ալեքսանդր Ցականյանը։ Դերակատարները «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներն էին:
Մեզ հետ զրույցում Կարինե Դավթյանն ասաց, որ կազմակերպել է Վահան Տերյանին նվիրված բազմաթիվ գրական-երաժշտական երեկոներ, սակայն գրողին բազմակողմանի ներկայացնելու համար հարկավոր էր ներկայացում բեմադրել:
«Երկու տարի աշխատել եմ ներկայացման սցենարի շուրջ՝ ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ և գրականություն: Հանդիսատեսն ականատես եղավ այդ ամենի միաձուլմանը՝ իմ մոտեցմամբ ու մեկնաբանությամբ»,- նշեց Կ. Դավթյանը:
Նա ընդգծեց, որ բեմադրության մեջ երևում են Տերյանի բնավորության այն շերտերը, որոնց մասին նախկինում քիչ են խոսել:
«Տերյանն այստեղ ներկայացվում է ոչ միայն որպես աշնան երգիչ-բանաստեղծ, այլև որպես ուժեղ անձնավորություն, լավ ընկեր ու սիրող էակ, քաղաքական գործիչ, հզոր հայրենասեր և իր երկիրն անսահման սիրող հայ մարդ, որը բազմաթիվ զոհողությունների կգնա հանուն իր հայրենիքի»,- ասաց նա:
Ներկայացման մեջ անդրադարձ է կատարվել Վահան Տերյանի մանուկ և երիտասարդ տարիներին, սակայն մեծապես ներկայացվել են հասուն տարիները։ Հասուն Վ․ Տերյանին մարմնավորած Արզուն Գևորգյանի համար ներկայացումը նոր լույսի ներքո ցույց տվեց Տերյանին և նրա ապրած ժամանակաշրջանը:
«Ինձ համար բացահայտում էր ոչ թե Տերյանի ստեղծագործական գործունեությունը, որին արդեն իսկ ծանոթ էի, այլ նրա՝ հայ մարդու տեսակը, պետական, քաղաքական և քաղաքացիական գործունեությունը»,- նշեց նա:
Բեմադրության սցենարի հեղինակ և ռեժիսոր Կարինե Դավթյանի կարծիքով Տերյանի կերպարը շատ կարևոր է և օրինակելի այսօրվա երիտասարդության համար իր մարդկային տեսակով, գրողի տեսակով, մտածող և գիտնական մարդու հետաքրքիր, հեղափոխական և ուժեղ կերպարով։
Նշենք, որ ներկայացման առաջնախաղին ներկա էին Երևանի պետական համալսարանի պրոռեկտորները և ռեկտորատի այլ ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։