- Главная
- Node
- «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Сентября 03, 2018 | 17:54
Քաղաքականություն
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:
Ողջունելով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ներկա ուսանողներին՝ Մանե Թանդիլյանն իր ուրախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հանդիպում է հենց իր ղեկավարած ոլորտի ապագա մասնագետներին:
Խոսելով ակնկալիքների մասին՝ նախարարն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված լինելու ապագա մասնագետների աշխատանքը:
«Մեզ համար գնահատականը քաղաքացիների բավարարված լինելն է: Յուրաքանչյուր քաղաքացու համար իր խնդիրն առանձնահատուկ է, և դա այդպես է: Մեր աշխատանքն է հասկանալ այդ առանձնահատկությունը»,- հավելեց նախարարը:
Ուսանողների հետ քննարկելով ոլորտի բացերը՝ Մանե Թանդիլյանը պատրաստակամություն հայտնեց լսելու նոր սերնդի առաջարկները և համագործակցելու ուսանողների հետ՝ հաշվի առնելով նրանց կատարած ուսումնասիրությունները կուրսային և դիպլոմային աշխատանքների շրջանակում:
«Ձեր մասնագիտությունը ճանապարհ պետք է հարթի քաղաքացիների նեղ անձնական հարցերի լուծման համար. մենք պետք է դրանք տեսնենք ներսից և օգնենք լուծել խնդիրները»,- ասաց Մ. Թանդիլյանը:
Ըստ նախարարի՝ ամենաբարդը քաղաքացիների վստահությունը վաստակելն է, որը պահանջում է երկար ու հետևողական աշխատանք, և այն մեկ քայլով հնարավոր է կորցնել:
Խոսելով օրենքների մասին՝ նախարար Թանդիլյանը նշեց, որ օրենքները պետք է արտացոլեն մարդու իրավունքները. «Օրենք գրողը և որոշողը մենք ենք: Օրենքը միայն գործիք է. մեր քաղաքացիները պետք է հենց այդ գործիքի միջոցով լավ ապրեն մեր երկրում»,- ավելացրեց նախարարը:
Ըստ Թանդիլյանի՝ մեր հասարակությանը պակասում է հանդուրժողականությունը. «Մեզ դժվար է լսել դիմացինին, ընկալել նրա խնդիրները: Շատ հաճախ լսելու և հասկանալու փոխարեն մենք անընդհատ ուզում ենք ապացուցել մեր ճիշտ լինելը, իսկ իրականում հարցը ճիշտ կամ սխալ լինելու մեջ չէ: Պետք է զարգացնել լսելու և հանդուրժելու քաղաքակրթությունը»,- կարևորեց նախարարը՝ բացառելով ցանկացած բռնություն:
Թանդիլյանը խոսեց նաև այն մասին, որ հաճախ պետությունն ունի որոշակի խնդիրների լուծումներ, սակայն դրանք չի կարողանում մատուցել քաղաքացիներին: Նա կարևորեց հասարակությանը հասկանալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր գտնել լուծումներ:
Նախարար Թանդիլյանն ընդգծեց, որ նման հանդիպում-քննարկումներն անհրաժեշտ են թե՛ կառավարությանը, թե՛ ուսանողներին: Երկխոսությունների միջոցով հնարավոր է լրացնել բացերը, գտնել առկա խնդիրների նոր ու թարմ լուծումները: Մեծ հույս կապելով ուսանողների հետ՝ նա վստահեցրեց, որ նրանց աշխարհընկալումը տարբերվում է ավագ սերնդի ներկայացուցիչներից, և դա թույլ է տալիս գտնել այլընտրանքային լուծումներ:
Մարի Ռաֆյան