- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ
Февраля 01, 2019 | 13:46
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի կողմից ներկայացրած «InAs-InSb-InP նյութական համակարգում կոնաձև և էլիպսարդաձև քվանտային կետերի և կղզյակների աճեցում և դրանց էլեկտրաֆիզիկական, մագնիսական ու օպտոէլեկտրոնային հատկությունների հետազոտում» գիտական ծրագիրը:
Ծրագրի ղեկավարն է կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Ղամբարյանը: Գիտատեխնիկական հետազոտություններ իրականացնող խումբը բաղկացած է 4 անձից, որոնցից 2-ը երիտասարդ գիտնականներ են, իսկ մեկը՝ ամբիոնի ասպիրանտ:
Պրոֆեսոր Կ. Ղամբարյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական ծրագրի հեռանկարների, նպատակների ու արդյունավետության մասին:
Ըստ ղեկավարի՝ գիտական թեման վերաբերում է կիսահաղորդչային նանոտեխնոլոգիայի ոլորտին, որը շատ կարևոր և գերարդիական բնագավառ է ամբողջ աշխարհում. «Աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Չինաստանում, կիսահաղորդչային նանոտեխնոլոգիան համարվում է հիմնարար գիտություն: Հայաստանը բավականին լուրջ հիմքեր ունի այս ոլորտը զարգացնելու համար: Նանոկառուցվածքներն ունեն յուրահատուկ ֆիզիկական հատկություններ, իսկ կիսահաղորդչային նանոտեխնոլոգիաները՝ կիրառական մեծ նշանակություն»:
Պրոֆեսորի խոսքով, գիտական ծրագրի շրջանակում կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում ու ԵՊՀ կիսահաղորդիչ սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնում խումբը ստեղծելու է նանոկառուցվածքներ՝ մասնավորապես քվանտային կետեր, որից հետո իրականացվելու է այդ նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների հետազոտում: «Գիտական ծրագրի ավարտին կստեղծվի կիսահաղորդչային սարք՝ ենթակարմիր տիրույթի ֆոտոընդունիչ: Այն շատ կարևոր տիրույթ է զանազան կիրառական խնդիրներ լուծելու համար»,- հավելեց Կ. Ղամբարյանը:
Լիարժեք արդյունք ստանալու համար ծրագրի շրջանակում խումբը համագործակցելու է արտասահմանյան մի շարք հետազոտական ընկերությունների հետ:
Գիտական ծրագրի կատարման ընթացքում և ավարտից հետո ԵՊՀ ուսանողները և գիտաշխատողները հնարավորություն կունենան օգտագործելու այդ արդյունքներն ինչպես իրենց գիտական հետազոտություններում, այնպես էլ ավարտական աշխատանքներում և մագիստրոսական թեզերում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան