- Главная
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
Апреля 23, 2019 | 14:38
Քաղաքականություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
Ապրիլի 12-18-ը ԵՊՀ-ի և հայաստանյան այլ բուհերի ուսանողներից բաղկացած թիմը մասնակցել է Վիեննայում կայացած 26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին:
Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) հովանավորությամբ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանի մարզչական աջակցությամբ Տիգրան Դադունցը (ԵՊՀ), Մերի Խաչատրյանը (ԵՊՀ), Հասմիկ Մովսեսյանը (ՀՖՀՀ) և Դիանա Սաքանյանը (ՀԱՀ) մասնակցել են դատախաղ-մրցույթին:
Հիշեցնենք, որ հայաստանյան թիմը դեռևս սույն թվականի փետրվարի 22-24-ը մասնակցել էր Թիֆլիսում կայացած 8-րդ նախապատրաստական դատախաղ-մրցույթին և այնտեղ ցուցաբերած արդյունքների շնորհիվ հնարավորություն էր ստացել մասնակցելու Վիեննայում կայանալիք դատախաղ-մրցույթին:
Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:
Այս մրցույթն անվանում են նաև «Միջազգային առևտրային իրավունի օլիմպիական խաղեր», քանի որ մրցույթի ընթացքում հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 370 թիմ, շուրջ 2200 մասնակից, 2000 արբիտր և 1000 մարզիչ աշխարհի տարբեր անկյուններից, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Հայաստանն այս տարի կարողացավ մասնակցել մրցույթին10 տարվա ընդմիջումից հետո:
Հայաստանյան թիմը մրցել է ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Թուրքիայի առաջատար համալսարանների թիմերի հետ:
Նշենք, որ հայաստանյան թիմը չի անցել կիսաեզրափակիչ փուլ, այդուհանդերձ, բանավոր մրցափուլում ավելի համոզիչ փաստարկներով գերազանցել է Ֆորդհամի համալսարանի (ԱՄՆ) թիմին: Խաղը դատող արբիտրները հատկապես առանձնացրին թիմի ակնհայտ առավելությունը Թուրքիան ներկայացնող թիմի նկատմամբ:
Թիմի մարզիչ Գրիգոր Չոբանյանը նշեց, որ մրցույթին մասնակցությունն անգնահատելի նշանակություն ունի միջազգային առևտրային իրավունքի և միջազգային արբիտրաժի ոլորտում կրթության զարգացման համար:
«Ցանկալի է ավելի հաճախակի դարձնել Վիլլեմ Ս. Վիս անվան դատախաղ-մրցույթում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիմերի մասնակցությունը: Այն անհրաժեշտ է ոչ միայն արբիտրաժի և միջազգային կոմերցիոն իրավունքում կրթության զարգացման, այլև միջազգային հարթակում նոր կապեր և ճանաչում ձեռք բերելու համար»,- ընդգծեց Գրիգոր Չոբանյանը:
Միջազգային դատախաղ-մրցույթներում հայկական թիմերի մասնակցության խնդիրներին առնչվող հարցերը քննարկելիս Գրիգոր Չոբանյանը նշեց, որ նմանաբնույթ մրցույթներում հաջող մասնակցության համար անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի առանձին ուսումնական առարկա, որը կնախապատրաստի ուսանողներին դատախաղ-մրցույթներին մասնակցելու համար:
«Այս մոտեցմամբ են առաջնորդվում աշխարհում առաջատար բազմաթիվ համալսարաններ: Ուսումնական առարկայի կամ սեմինարների շարքի առկայությունը նմանօրինակ մրցույթներին նախապատրաստելն ավելի ինստիտուցիոնալ կդարձնի»,-ամփոփեց Գրիգոր Չոբանյանը: