- Главная
- Node
- ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԱՌԱԾԱԲԱՆ ԽՈՒԼԻԱ ՍԵՎԻԼԻԱ ՄՈՒՆՅՈՍԻՆ
Апреля 23, 2019 | 17:04
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԱՌԱԾԱԲԱՆ ԽՈՒԼԻԱ ՍԵՎԻԼԻԱ ՄՈՒՆՅՈՍԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն ապրիլի 22-ից 26-ը հյուրընկալել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի պրոֆեսոր, թարգմանիչ, հայտնի առածաբան Խուլիա Սևիլիա Մունյոսին:
Խուլիա Սևիլիա Մունյոսն արդի առածաբանության ամենահայտնի դեմքերից մեկն է, որն առաջարկել է առածների դասակարգման, բնութագրման, ինչպես նաև թարգմանության ուրույն սկզբունքներ, որոնք լայն կիրառություն են ստացել առածաբանական տարբեր ուսումնասիրություններում: Նա դասախոսություններ է կարդացել աշխարհի տարբեր համալսարաններում և ուսումնասիրություններ է կատարում առածաբանության և թարգմանաբանության վերաբերյալ:
2004 թվականին Խուլիա Սևիլիա Մունյոսը և Մարի Թերեզա Սուրդուն ստեղծել են դարձվածաբանության ու առածաբանության վերաբերյալ ազգային և միջազգային ուսումնասիրությունների առաջին խումբը, որի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների ամենահայտնի մասնագետներ:
Այս խմբի կարևոր նպատակներից մեկը եղել է առածային ասույթների կորպուսի ստեղծումը՝ հաշվի առնելով թեմատիկ, ձևաբանական-շարահյուսական, գործաբանական, թարգմանաբանական այնպիսի սկզբունքներ, որը հնարավորություն է տալիս կատարել տարբեր ժողովուրդների առածներում հակադրական բազմաթիվ ուսումնասիրություններ:
Բացի դրանից՝ խմբի ուսումնասիրությունների շրջանակում իրագործվել են տարբեր ծրագրեր. հրատարակվել մի շարք գրքեր, այդ թվում նաև տարբեր լեզուներով առածանիներ, ինչպես նաև ստեղծվել են առածաբանությանը և դարձվածաբանությանը վերաբերվող դոկտորական ծրագիր, որի հիմնական համակարգողը Խուլիա Սևիլիա Մունյոսն է:
1993 թվականին Խուլիա Սևիլիան հիմնադրել է «Paremia» ամսագիրը: Այն Իսպանիայում առաջին, իսկ համաշխարհային գիտական հանրության մեջ երկրորդ ամսագիրն է, որն անդրադառնում է առածային ասույթների քննության ու նրանց թարգմանության խնդիրներին:
Հատկանշական է նաև այն, որ Խուլիա Սևիլիա Մունյոսի հիմնադրած բազմալեզվյան առածանին, որը ներառում է 16 տարբեր լեզուների տվյալներ, իր տեսակի մեջ եզակի է, այն առկա է նաև Սերվանտեսի կենտրոնի վիրտուալ տիրույթում:
Մեզ հետ զրույցում Խուլիա Սևիլիա Մունյոսը նշեց, որ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բադդասարյանի և Աննա Ռոլդանի հետ միասին ղեկավարել է մի հետաքրքիր դոկտորական աշխատանք, որը նվիրված է եղել գույն պարունակող առածային ասույթներին և դարձվածքներին՝ հայերենում, անգլերենում, ֆրանսերենում և իսպաներենում:
Այն դարձվածաբանության և առածաբանության վերաբերող առաջին դոկտորական աշխատանքն է, որն գրվել է Իսպանիայում՝ ներառելով նաև հայերենը:
Անդրադառնալով իր սիրելի առածների վերաբերյալ հարցին՝ Խուլիա Սևիլիա Մունյոսը նշեց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ այդպիսի առածները շատ են:
Խուլիա Սևիլիայի խոսքով, բոլոր առածներն էլ իրենց մեջ ժողովրդական իմաստություն են պարունակում և օգնում են հաղթահարել կյանքի դժվարությունները, բայց իր համար հատկանշական է «Más vale ponerse una vez colora(d)o que ciento amarillo» առածը (բառացի՝ «Ավելի լավ է մի անգամ կարմրել, քան հարյուր անգամ դեղնել»):
«Այս առածն այն մասին է, որ եթե մարդկանց միջև տարաձայնություն կամ խնդիր կա, ապա լավ կլինի այդ մասին հենց սկզբից բացատրել, քանի որ հետո այն կարող է պարզապես «դուրս հորդել» և ի չիք դարձնել ամեն ինչ»,- պարզաբանեց Խուլիա Սևիլիա Մունյոսը:
Անի Պողոսյան