ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով:
![Conference-dedicated-to-Tumanyan-150](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/lvo5XUiXvJSwcUPC3gwjHpwCoS.jpeg?h=bccd1fa5&itok=MmWNpeJ6)
Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:
Մայիսի 14-16-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում ԵՊՀ-ի , ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների (ԵՊԼՀ), Գավառի պետական համալսարանի ուսանողները հանդես կգան զեկուցումներով:
Զեկուցումներն ընդգրկում են հայոց լեզու, լեզվաբանություն ու գրականություն մասնագիտացումներով սովորող ուսանողների հետաքրքրության շրջանակը:
Գիտաժողովին ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:
Վերջինս ողջունեց գիտական նստաշրջանին մասնակցող ուսանողներին և մաղթեց արդյունավետ աշխատանք. « Գիտության ասպարեզն անհատակ օվկիանոս է, ուստի համարձակ, որոնող ու հաղթող եղեք»,- գիտաժողովի մասնակիցներին կոչ արեց դեկանը:
Մեզ հետ զրույցում Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սամվել Եղիազարյանը նշեց, որ գիտաժողովն իր բնույթով միջահամալսարանական է, քանի որ ընդգրկում է ՀՀ մի շարք բուհեր: «Այսօրինակ գիտաժողովներն ուսանողների ինքնադրսևորման և զարգացման լավագույն ճանապարհներից մեկն են»,- նշեց Ս. Եղիազարյանը:
Բացման արարողությունից հետո ուսանողները հանդես եկան զեկուցումներով:
Տեղեկացնենք, որ գիտաշրջանի փակման հանդիսավոր արարողությունը և հավաստագրերի հանձնումը տեղի կունենա մայիսի 16-ին:
Անգին Խաչատրյան