- Главная
- Node
- ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ
Май 15, 2019 | 12:14
Գիտություն
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ-ՀՀԲՀՀ- 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Կենսաէլեկտրաքիմիական սարքերում օգտագործվող մանրէային օքսիդառեդուկտազների ակտիվության օքսիդավերականգնողական կարգավորումը» գիտական ծրագիրը:
Գիտական թեմայի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց գիտական թեմայի նպատակը և հեռանկարները:
Նրա խոսքով, այժմ մեծ տարածում են ստանում կենսաէլեկտրաքիմիական վառելիքային սարքերը (ԿՎՍ), որոնց միջոցով ստացվում է էլեկտրական հոսանք:
«Այս սարքերում որպես կատալիզատորներ օգտագործվում են ֆերմենտներ՝ օքսիդառեդուկտազներ: Մեր նպատակն է ուսումնասիրել վերջիններիս օքսիդավերականգնողական կարգավորումը՝ նրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասաց Արմեն Թռչունյանը:
Նա նշեց, որ կենսաէլեկտրաքիմիական սարքերը համընդհանուր կիրառման համար են, որոնք կարող են տեղ գտնել տարբեր ոլորտներում: «Այժմ աշխարհը գնում է ներկայումս օգտագործվող մետաղական սարքերի փոխարինմանը կենսաբանական կամ մանրէային սարքերով: Էլեկտրական հոսանքի նոր սերնդի սարքերն ունենալու են հետևյալ առավելությունները՝ էկոլոգիապես նպաստավոր են լինելու, կարող են օգտագործվել այն բոլոր պայմաններում, որոնցում բացակայում են էլեկտրական հոսանքի այլ աղբյուրներ, հնարավոր է, որ այդ սարքերում որպես հումք օգտագործվեն տարբեր թափոններ: Մենք առաջարկում ենք, որ առայժմ լաբորատոր սարքերում կիրառվի նոր մոտեցում՝ այդ սարքերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասաց Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչը:
Գիտական թեմայի հետազոտական խմբի անդամ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Փոլադյանը նշեց, որ ներկայումս էլեկտրաէներգիայի մատակարարումը հիմնականում կախված է հանածո վառելիքներից, ինչը մեծապես հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումներին և ջերմաստիճանի գլոբալ բարձրացմանը:
«Ավելին, հաշվի առնելով աշխարհում բնակչության աճող քանակը, ակնկալվում է, որ էներգետիկ պաշարները կսպառվեն դարի երկրորդ կեսին: Դրանք բոլորը կարող են առաջացնել աշխարհում ժողովրդագրական, էներգետիկ և կլիմայական ճգնաժամեր: Խնդիր է նաև հսկայական քանակությամբ արտադրական և գյուղատնտեսական թափոնների արտադրությունը, որոնց արդյունավետ օգտագործումը կարող է հանգեցնել թափոններից ձերբազատմանը և տնտեսապես արդյունավետ էներգիայի արտադրությանը: Հետևաբար, էժան հումքի՝ թափոնների վերամշակման միջոցով այլընտրանքային էներգակրի ստեղծումը հեռանկարային կլինի»,- հավելեց նա:
Արմեն Թռչունյանի խոսքով, ԿՎՍ-ները տրանսպորտային միջոցների էլեկտրական շարժիչների և շենքերի համար էլեկտրաէներգիայի և ջերմության արտադրության հեռանկարային տեխնոլոգիաներ են: ԿՎՍ-ի շահագործման մեխանիզմը հիմնված է քիմիական էներգիայի՝ էլեկտրաէներգիայի փոխակերպման վրա. ջրածնի և թթվածնի փոխակերպումը զուգակցվում է էլեկտրաէներգիայի, ջերմության և ջրի արտադրմամբ:
Նրա խոսքով, ԿՎՍ-ի տեխնիկան էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային հնարավորություն է, սակայն այդ սարքերը դեռևս լայն տարածում չունեն: Մանրէները կամ մանրէներից անջատված առանձին ֆերմենտներ՝ հիդրոգենազները, կարող են ծառայել ԿՎՍ-ում որպես կենսակատալիզատորներ:
Աննա Փոլադյանը հայտնեց, որ գիտական ծրագրի հետազոտական խումբը հաջողությամբ համատեղ ծրագիր է իրականացնում Բելառուսի (Մինսկ) գիտությունների ազգային ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի ֆերմենտների լաբորատորիայի խմբի հետ, որի շարունակությունն է նոր նախագիծը: Գործող ծրագրի ընթացքում մանրէների կուլտիվացումը կատարվել է տարբեր պայմաններում. օգտագործվել են տարբեր թափոններ (գլիցերոլ, գարեջրի թափոն) կամ լիգնոցելյուլոզից ստացված շաքարներ (քսիլոզ, գլյուկոզ):
Ծրագրի շրջանակում տեղի են ունեցել գիտական խմբի ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ, համատեղ փորձեր:
Նրա խոսքով, այս հետազոտությունը մեծ նշանակություն ունի և կնպաստի Հայաստանում ու տարածաշրջանում ԿՎՍ-ների տեխնիկայի զարգացմանը. «Ակնկալվում է շարունակել կենսաէլեկտրաքիմիական համակարգերում արդեն իսկ ընտրված հիդրոգենազների ակտիվության խթանումը և օպտիմալացումը: Ծրագրի ընթացքում նախատեսվում են երկու խմբերի անդամների համատեղ այցեր»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան