- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Май 15, 2019 | 17:05
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 180 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԴՎՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկի հետ։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Եղոյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, ներկայացուցիչներ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներ տարբեր ֆակուլտետներից։
Հանդիպման սկզբում Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու «ACCA» միջազգային ծրագրին, որը թույլ կտա աշխատանք գտնել աշխարհի տարբեր երկրներում:
«ACCA»-ի Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Ժանետա Օնիշչուկը և Աշխատակիցների հետ տարվող բաժնի ղեկավար Յուլիա Անդրիենկոն ողջունեցին ներկաներին ու պատմեցին ասոցիացիայի կողմից տրվող հնարավորությունների մասին:
Յուլիա Անդրիենկոն ասաց, որ ծրագրի լեզուն անգլերենն է, և նախագծի կողմից տրված հավաստագիրը գործում է աշխարհի 180 երկրներում:
«Այս պահին մեր ծրագրով սովորում են 500 հազարից ավելի ուսանողներ, իսկ 218 հազարն արդեն ունեն որակավորում և հնարավորություն՝ աշխատելու տարբեր երկրներում»,- նշեց նա:
Բանախոսներն ուսանողներին ներկայացրին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի հավաստագիր ստանալու, ուսման տևողության և քննությունների մանրամասները. «Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 13 քննություն, էթիկայի մոդուլ, ինչպես նաև ունենալ 3 տարվա աշխատանքային փորձ, որը կարելի է ձեռք բերել հընթացս»:
Հանդիպման ավարտին ուսանողները հարցեր հղեցին հյուրերին և ծրագրի մասին ավելին իմանալու ցանկություն հայտնեցին, ինչի համար նրանց խորհուրդ տրվեց այցելել «ACCA» պաշտոնական կայքէջ:
Մարինա Առաքելյան