- Главная
- Node
- 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈւՄ
Июня 24, 2019 | 17:06
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈւՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց 8րդ Հնէակենդանաբանության երիտասարդական միջազգային համաժողովը (8th Postgraduate zooarchaeology forum), որը կազմակերպվում է հնէակենդանաբանության ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար:
Հայաստնում սա հնէակենդանաբանության ոլորտում անցկացված առաջին միջազգային համաժողովն է, որը նպատակ ունի նպաստել հնէակենդանաբանության ոլորտի երիտասարդ մասնագետների փորձի փոխանակմանն ու նոր համագործակցությունների կայացմանը, բացի այդ նպաստել Հայաստանում հնէակենդանաբանության ոլորտի զարգացմանը:
Առաջին համաժողովը կազմակերպվել է 2009 թվականին Քարդիֆում (Միացյալ Թագավորություն), այնուհետև գիտաժողովը կազմակերպվել է Փարիզում (Ֆրանսիա), Շեֆիլդում (Միացյալ Թագավորություն), Լոնդոնում (Միացյալ Թագավորություն), Տառագոննայում (Իսպանիա), Տոռունում (Լեհաստան) և Պալերմոյում (Իտալիա): Այս տարի համաժողովը կազմակերպվել է Երևանում: Համաժողովի կազմակերպիչներն են՝ Մարիա Անտոնոսյանը (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Քինգա Բիգորայը (Վարշավայի համալսարան) և Լևոն Հարությունյանը (Կենդանաբանության ինստիտուտ):
Համաժողովի իրականացմանն աջակցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հնէակենդանաբանության միջազգային խորհուրդը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, Վարշավայի համալսարանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Քարի Դարից մինչ Միջնադար ընկած ժամանակահատվածների տարբեր հնէաբանական կայքերի կենդանական մնացորդների հետազոտման արդյունքները, քննարկվել է նոր մեթոդների, ինչպիսիք են՝ իզոտոպային և գենետիկական, կիռառման առավելությունները և արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի հնէակենդանաբանական հետազոտման արդյունքները:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել 36 երիտասարդ մասնագետներ շուրջ 12 երկրներից՝ Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ավստրիա, Հնդկաստան, Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Իսպանիա, Չեխիա և Չիլի: Հատկանշական է նաև, որ մասնակցել են ոլորտի հայ երիտասարդ մասնագետները:
Հեղինակներ` Մարիա Անտոնոսյան, Սիրանուշ Բաղումյան