- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ի և Բուրգունդիայի համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնասիրվում են բնակչության կողմից չօգտագործվող եթերայուղատու բուսատեսակների արժեքավոր հատկությունները
Ապրիլ 25, 2025 | 10:10
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
ԵՊՀ-ի և Բուրգունդիայի համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնասիրվում են բնակչության կողմից չօգտագործվող եթերայուղատու բուսատեսակների արժեքավոր հատկությունները
Հայաստանում զգալի տարածքներ են զբաղեցնում կիսաանապատները, տափաստանները, տափաստանային թփուտները, որոնց ֆլորան եթերայուղատու բույսերի արժեքավոր աղբյուր է։ Այս մասին նշում է ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նարինե Զաքարյանն ու հավելում, որ եթերայուղատու բույսերը կազմում են Հայաստանի ֆլորայի 9 տոկոսը: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է ՀՀ բնակչության կողմից չօգտագործվող բուսատեսակների տնտեսական նշանակությունը՝ բացահայտելով դրանց հակասնկային, հակաբորբոքային, հակատարիքային և այլ արժեքավոր հատկությունները։

Նարինե Զաքարյանի հեղինակած «Հայաստանի Lamiaceae (խուլեղինջազգիներ) ընտանիքի վայրի եթերայուղատու բույսերի կենսաբազմազանությունն ու կենսակտիվությունը» վերտառությամբ գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
Նա իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է ՀՀ բնակչության կողմից չօգտագործվող եթերայուղատու բուսատեսակների տնտեսական նշանակությունը՝ բացահայտելով դրանց հակասնկային, հակաբորբոքային, հակատարիքային և արժեքավոր այլ հատկություններ։
Բուսատեսակները հավաքվում են ՀՀ տարբեր մարզերից, այդ թվում` Կոտայքի, Արագածոտնի, Արարատի: ԵՊՀ դոցենտի խոսքով՝ չոր, սթրեսային պայմանները նպաստում են բուսատեսակների եթերայուղի ելքի բարձրացմանը:
«Ներկայացված ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ-ում Lamiaceae (խուլեղինջազգիներ) ընտանիքի վայրի աճող եթերայուղատու տեսակների բազմազանությունը, կատարել հետազոտվող բույսերի բազմակողմանի ուսումնասիրություններ` պարզաբանելով բնակչության կողմից նախկինում չօգտագործվող տեսակների տնտեսական նշանակությունը»,- ասաց Նարինե Զաքարյանն ու ընդգծեց, որ ուսումնասիրության համար ընտրել են խուլեղինջազգիների ընտանիքից 4 ցեղ՝ թթվիճ (Betonica), եղեսպակ (Salvia), առյուծագի (Leonurus) և խուլեղինջ (Lamium):

«Առաջին անգամ կհետազոտվեն նշված ցեղերի ներկայացուցիչների լուծամզվածքների և եթերայուղերի կենսաքիմիական կազմը, հակաօքսիդանտային և հակասնկային ակտիվությունները: Հետազոտության շրջանակում կփորձենք հայտնաբերել դրանց քեմոտիպերը, որոնք, աճելով բնակլիմայական տարբեր պայմաններում, դրսևորում են կենսակտիվ միացությունների որակական և քանակական տարբերություններ: Ներկայում ԵՊՀ-ում կատարում ենք եղեսպակի ցեղին պատկանող բույսերի լուծամզվածքների կենսակտիվության գնահատում․ oրինակ՝ փորձում ենք պարզել՝ արդյո՞ք առկա են հակասնկային և հակաօքսիդանտային ակտիվություններ»,- նշեց դոցենտը:
Նարինե Զաքարյանն ընդգծեց, որ հաջորդ տարի նախատեսվում է երկու գործուղում Բուրգունդիայի համալսարան, որտեղ կհետազոտվեն ԵՊՀ գիտական խմբի հավաքած բույսերից անջատված եթերայուղերի նմուշների կենսաքիմիական կազմն ու քեմոտիպը։
«Կատարվող աշխատանքը կարող է հիմք դառնալ բուսական ծագման ոչ թունավոր և էկոլոգիապես մաքուր ֆունգիցիդ, հակաբորբոքային և հակատարիքային միջոցներ ստեղծելու համար, ինչը շատ է կարևորվում ժամանակակից դեղագործության, գյուղատնտեսության, սննդի արտադրության և բուժական ու դեկորատիվ կոսմետոլոգիայի ոլորտներում»,- մատնանշեց նա:
Նշենք, որ գիտական խմբի խորհրդատուն է Բուրգունդիայի համալսարանի ֆարմակագնոզիայի լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Անն-Կլեղ Միտեն-Օֆերը: Խմբի կազմում են Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Պողոսյանը, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Նունե Քարտաշյանը, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ լաբորանտ Աստղիկ Բաղդասարյանը, բակալավրիատի ուսանող Քնարիկ Եղիյանը: