ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կատարվող գիտական հետազոտությունները ներկայացնելու նպատակով փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվել են գիտական սեմինարներ, որոնց շրջանակում ինստիտուտի ասպիրանտները և երիտասարդ գիտաշխատողները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։
Ասպիրանտ Էմմա Խաչատրյանը ներկայացրել է «Կողային ռադիկալում չհագեցած խմբերով տեղակալված (S)-α-ամինաթթուների կենսամիմետիկ ասիմետրիկ սինթեզ և բժշկակենսաբանական սկրինինգ» թեմայի շրջանակում, ասպիրանտ Միքայել Թորոսյանը՝ «Եռաչափ տպագրությամբ կերամիկական իմպլանտների ստացումը և դրանց մեջ հակաբիոտիկների ներդրման արդյունավետության հետազոտումը», գիտաշխատող Աննա Թովմասյանը՝ «Ոչ սպիտակուցային ամինաթթուների և այլ պոտենցիալ կենսակտիվ քիրալային միացությունների կատալիտիկ ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդների մշակում», գիտաշխատող Մելանյա Ղազարյանը՝ «Տարաբնույթ միացությունների հակամանրէային ակտիվության ուսումնասիրում» և գիտաշխատող Էլա Մինասյանը՝ «Բուսական հումքից անջատված մելանինի հակամանրէային ակտիվության ուսումնասիրություն» թեմաների շրջանակում իրենց կատարած հետազոտությունները։
Գիտաշխատողները սեմինարների ժամանակ հնարավորություն են ունեցել լսելու ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կարծիքները։ Ծավալվել են նաև քննարկումներ, որոնք, անշուշտ, նոր մտքեր են տվել հետազոտությունների լավարկման համար։
Հատկանշական է, որ հետազոտությունների արդյունքները կա՛մ արդեն տպագրվել են, կա՛մ պատրաստվում են տպագրության գիտական ամսագրերում: