Ֆարմացիայի ինստիտուտում կատարվող գիտական հետազոտությունները ներկայացնելու նպատակով փետրվար-մարտ ամիսներին անցկացվեցին գիտական սեմինարներ, որոնց շրջանակում ինստիտուտի ասպիրանտները և երիտասարդ գիտաշխատողները ներկայացրին կատարվող հետազոտությունների արդյունքները։
Հետազոտության արդյունքները ներկայացրին ասպիրանտներ Էմմա Խաչատրյանը՝ «Կողային ռադիկալում չհագեցած խմբերով տեղակալված (S)-α-ամինաթթուների կենսամիմետիկ ասիմետրիկ սինթեզ և բժշկակենսաբանական սկրինինգ», Միքայել Թորոսյանը՝ «Եռաչափ տպագրությամբ կերամիկական իմպլանտների ստացումը և դրանց մեջ հակաբիոտիկների ներդրման արդյունավետության հետազոտումը», գիտաշխատողներ Աննա Թովմասյանը՝ «Ոչ սպիտակուցային ամինաթթուների և այլ պոտենցիալ կենսակտիվ քիրալային միացությունների կատալիտիկ ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդների մշակում», Մելանյա Ղազարյանը՝ «Տարաբնույթ միացությունների հակամանրէային ակտիվության ուսումնասիրում», Էլա Մինասյանը՝ «Բուսական հումքից անջատված մելանինի հակամանրէային ակտիվության ուսումնասիրություն» թեմաներով։
Գիտական սեմինարների շրջանակում անցկացվեցին նաև քննարկումներ, գիտաշխատողները հնարավորություն ունեցան լսելու ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքները, որոնք կնպաստեն հետազոտության կատարմանը։
Նշենք, որ հետազոտությունների որոշ արդյունքներ արդեն տպագրվել են գիտական ամսագրերում, որոշներն էլ՝ պատրաստվում են տպագրման: