2022 թ․ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, հայագիտական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ինչպես նաև ինստիտուտի գիտական խորհրդի կազմը, բաժինների և լաբորատորիաների ղեկավարները և աշխատակիցները (առաջատար և ավագ գիտաշխատողներ):
Գիտական խորհրդի նիստի օրակարգում ներառված էին ինտիտուտի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունը և ընթացիկ այլ հարցեր:
Նիստի սկզբում ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը առանձնակի կարևորեց ԵՊՀ նախկին ռեկտոր, ինստիտուտի հիմնադիր-տնօրեն երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ներդրած ջանքերը գիտական կառույցի կայացման ու զարգացման գործում:
Հաշվետու նիստի միաձայն նախագահող ընտրվեց անվանի արևելագետ, դիվանագետ, բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
Նիստի մեկնարկին Վ. Պետրոսյանը ներկայացրեց ինստիտուտի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Վ. Պետրոսյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրեց կառույցի կատարած գիտական աշխատանքները, ձեռքբերումները, առկա և հնարավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև խոսեց առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների մասին: Առանձին ներկայացրեց նաև գալիք՝ 2023 թ․ ինստիտուտի ծրագրած գիտական գործունեությունը, անդրադարձավ առաջիկա ծրագրերին և առկա խնդիրները հաղթահարելու ուղիներին ու մեթոդներին:
Նիստի մասնակիցները հարցերի և ելույթների ձևաչափով քննարկեցին կատարված աշխատանքների արդյունքները՝ իրենց մտահոգող հարցերն ուղղելով ՀՀԻ տնօրենին, ինչպես նաև ներկայացնելով գիտական հետագա գործունեության վերաբերյալ իրենց առաջարկները:
Նիստի արդյունքում գիտական խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԻ տնօրենին, և վերջինիս՝ 2022 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը միաձայն գնահատվեց դրական:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԻ տնօրենին կարճ ժամանակահատվածում կենտրոնի կատարած արդյունավետ աշխատանքի համար:
ԵՊՀ ռեկտորը ՀՀԻ անձնակազմին ներկայացրեց ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագիրը, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների ուղղությամբ ԵՊՀ-ի կողմից իրականացվող և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը և գիտահետազոտական ու կրթական ուղղությունների զարգացման իր տեսլականը: