ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն ու ՀՀ զինված ուժերը կիրառական սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնների մասնագետների նախաձեռնությամբ և մասնագիտական ներառմամբ մշտապես համագործակցել են միմյանց հետ` նպաստելով բանակի կերպարի և բանակի հանդեպ վստահության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական խնդիրների վերհանմանն ու լուծմանը:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հետ համատեղ սոցիոլոգիայի ֆակուլտետը հյուրընկալեց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի` զինծառայողների և իրենց ընտանիքների աջակցության կենտրոնի մասնագետներին: Սոցիոլոգիայի ֆակուլտետից հանդիպմանը մասնակցել են Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանը, ամբիոնի դոցենտ Նունե Գեղամյանը, ամբիոնի ասպիրանտ Տաթևիկ Կարապետյանը, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը: Փորձի և գիտելիքների փոխանակման շրջանակներում քննարկվեց 2020 թ. Արցախյան պատերազմից առաջ և հետո զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված սոցիալական աշխատանքի և աջակցության հայաստանյան փորձը, ինչպես նաև ամերիկյան մոտեցումները զինված ուժերի և զինծառայողների ֆինանսատնտեսական, սոցիալական, տեղեկատվական աջակցության վերաբերյալ: Որոշվեց իրականացնել համատեղ հետազոտություններ և հրատարակումներ, շարունակել լավագույն փորձի փոխանակումը: