Май 22, 2023 | 14:53
Наука
Образование
Международное сотрудничество
"Быть частью ЕГУ честь и звание для меня": Лилит Шакарян
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանը 2023 թ․ հունվարից մեկնել է ԱՄՆ և Նևադայի պետական համալսարանի «Human Development and Family Science» բաժնում մեկնարկել իր՝ «Հայ երիտասարդների ադապտացիայի առանձնահատկությունները ամերիկյան հասարակությունում» խորագրով դոկտորական ծրագիրը։
Լիլիթ Շաքարյանը պատմել է Նևադայի համալսարանում դոկտորական կրթություն ստանալու և միաժամանակ դասախոսելու, հաջողություններում ԵՊՀ ունեցած դերի, ապագա ծրագրերի և բուհերի համագործակցության հեռանկարների մասին:
Գիտությունն ու դասավանդումն այն ոլորտներն են, որտեղ սովորում և սովորեցնում ես միաժամանակ...
Ընտրելով գիտական ուղին և դասախոսելը՝ որպես մասնագիտական կոչում՝ նպատակ եմ դրել իմ ներդրումն ունենալու ոլորտի զարգացման գործընթացում և միշտ կատարելագործվելու, ինչն էլ հիմք դարձավ դոկտորական թեկնածություն պաշտպանելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Ունենալով առարկայական ծրագրերի մշակման և հետազոտական աշխատանքների փորձ Արիզոնայի պետական համալսարանում, համագործակցելով Նևադայի համալսարանի հետ, ինչպես նաև քաջածանոթ լինելով ամերիկյան կրթական համակարգին՝ որոշեցի դոկտորական թեկնածությունս պաշտպանել հենց Նևադայի պետական համալսարանում։ Ներկայում իմ ուսումնասիրությունների առարկան են հայ համայնքի ենթամշակութային առանձնահատկությունները, երիտասարդների ադապտացման հնարավորությունները, մարտահրավերները և մարդու իրավունքների պաշտպանությունը։
Նևադայի պետական համալսարանից ստացել եմ դասավանդելու և հետազոտություններ կատարելու առաջարկ․․․
Դոկտորական ծրագրին զուգահեռ՝ Նևադայի համալսարանի «Human Development and Family Science» բաժնում դասավանդում եմ «Կրթական հետազոտությունների ներածություն» և «Հետազոտության մեթոդներ» առարկաները։
Այս պահին հետազոտում ենք «Ընտանեկան բռնություն» թեման, ինչի արդյունքում մշակվելու է մոդուլ, որը ծառայելու է որպես ուղեցույց ամբողջ Նևադայի նահանգի համար։ Տվյալ մոդուլի հիման վրա մի քանի մասնագետներով վերապատրաստելու ենք ինչպես պետական հաստատությունների համապատասխան մասնագետներին, այնպես էլ Նևադայում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Շարունակելու եմ իմ ներդրումն ունենալ հայալեզու մասնագիտական գրականություն ստեղծելու գործում...
Մինչ այս բազմիցս դասախոսել եմ եվրոպական առաջատար համալսարաններում և վստահ կարող եմ ասել, որ հայաստանյան կրթական համակարգը ոչնչով չի զիջում այլ երկրների կրթական համակարգերին:
Խոսելով Նևադայի համալսարանի առավելությունների մասին՝ կառանձնացնեմ դասավանդման մեթոդիկայի տարբերությունը և մասնագիտական գրականության հասանելիությունը։ Վերջինիս հետ կապված՝ ՀՀ մասնագիտական դաշտում ինքս արդեն քայլեր եմ կատարել՝ հեղինակելով 2 գիրք: Հայաստանի կրթական համակարգի և ԵՊՀ-ի հետ կապված ունեմ կարևորագույն ծրագրեր, որոնցից է իմ հեղինակած երրորդ մասնագիտական գիրքը՝ «Բրենդինգ․ Անձեր, Ընկերություններ, Երկրներ» վերնագրով։ Այն իր բովանդակությամբ յուրօրինակ է լինելու՝ Հայաստանը միջազգային տիրույթում մրցունակ ներկայացնելու առումով: Գիրքը բաղկացած է 3 բաժիններից․ սկզբում ներկայացվում է անձի բրենդինգը, այնուհետև՝ ընկերությունների բրենդավորման ռազմավարությունը, վերջում՝ երկրի բրենդ-հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետության վերլուծության օրինակով։
Համալսարանական լինելն ինձ համար կոչում է և պատիվ...
ԵՊՀ-ն ինձ համար կրկնակի յուրահատուկ նշանակություն ունի: Մի կողմից՝ մայր բուհում ստացած կրթությունն իմ հաջողությունների ու ձեռքբերումների հիմքն է, իսկ մյուս կողմից՝ լինելով համալսարանական՝ շարունակում եմ պապիկիս՝ պատվավոր համալսարանական Հրաչիկ Շաքարյանի ազգանունը բարձր պահել ԵՊՀ-ում՝ կատարելով նրա նվիրական երազանքը։ Սոցիոլոգի իմ կրթությունը ձևավորել է յուրահատուկ աշխարհայացք հասարակության՝ որպես սոցիալական համակարգի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հասկանալու և վերլուծելու այդ համակարգի կառուցվածքն ու գործունեությունը։ Լինելով ԱՄՆ-ում՝ սոցիոլոգիական աշխարհայացքը կիրառում եմ նաև իմ ուսումնասիրությունների տիրույթում։
Դոկտորական կոչումը՝ երկու համալսարանների միջև նոր համագործակցության ձևավորման հնարավորություն...
ԵՊՀ-ի և Նևադայի պետական համալսարանի միջև համագործակցության ձևավորումը համարում եմ իմ առաքելություններից մեկը: Իրականացնելու ենք համատեղ կրթական ծրագիր, որի ուղղությամբ աշխատանքներ կտանեմ հաջորդ տարվա սկզբին, քանի որ այս տարին արդեն հագեցած է ընթացիկ ծրագրերով։