Ноября 29, 2023 | 16:00
Наука
Партнеры
Мероприятия
Актуальные проблемы перевода профессиональной литературы: панельная дискуссия в ЕГУ
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» կրթական, գիտական նշանակության, ինչպես նաև այդ ծրագրի շրջանակում հայերեն թարգմանված գրքերի թարգմանական խնդիրների շուրջ:
«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը նախաձեռնել է քսաներորդ դարի փիլիսոփաների, սոցիոլոգների, մշակութաբանների գրքերի հայերեն թարգմանությունների շարքի հրատարակությունը:
Պանելային քննարկման ժամանակ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, խոսելով ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքների մասին, նշեց, որ ուսանողները հիմնականում մատնանշել են հայերենով մասնագիտական գրականության պակասի խնդիրը: Գրադարանի տնօրենն առաջարկեց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը քննարկել նաև դասագրքերի հայերեն թարգմանության հարցը:
Անդրադառնալով հայերեն թարգմանված գրականության թեմատիկ ընդգրկմանը՝ Ե. Միրզոյանն ընդգծեց. «Հրատարակչությունները որպես բիզնես նախագիծ հիմնականում նախընտրում են թարգմանել գեղարվեստական գրականություն, ինչի արդյունքում ուսումնական ու գիտական գրականությունը հայերեն թարգմանելը մղվում է հետին պլան: Ողջունելի կլինի, որ բարեգործական ծրագրերի շրջանակում թարգմանվի նաև ուսումնական և գիտական գրականություն, ինչի պահանջարկը մեծ է գիտակրթական հաստատություններում: Կյանքի կոչելով այսօրինակ ծրագիր՝ տարիներ անց կունենանք շոշափելի արդյունքներ»:
ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Վերմիշյանը ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման գործում կարևորեց մասնագիտական նոր գրականության թարգմանության անհրաժեշտությունը: Ամբիոնի վարիչը շեշտեց նաև՝ թարգմանությունները «սիմվոլիկ կապիտալ» են, որոնք հայեցի մտածելու և արտահայտվելու հնարավորություն են ընձեռում:
«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը, խոսելով թարգմանական գրականության առավելություններից, փաստեց, որ հենց թարգմանության միջոցով է լեզուն զարգանում և հարստանում: Արվեստի քննադատ, թարգմանիչ Նազարեթ Կարոյանն այս համատեքստում ներկայացրեց թարգմանության ոլորտում ունեցած իր փորձը` ընդգծելով, որ հայերենը՝ որպես հարուստ լեզու, ունի բառեր, որոնք հարյուրամյակներ շարունակ չեն կիրառվել կամ սահմանափակ գործածություն են ունեցել, սակայն տարիներով չօգտագործված այդ բառերը արդի մտածողության շրջանակում կարող են կիրառվել թարգմանությունների ժամանակ՝ այդպիսով վերարժևորելով այդօրինակ բառերի կիրառությունը:
Նշենք, որ «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում հայերեն թարգմանությամբ հրատարակվել են յոթ հեղինակների գործեր, որոնցից երեքն արդեն իսկ քննարկվել են ԵՊՀ սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներում: