Ноября 29, 2023 | 16:48
Партнеры
Образование
Международное сотрудничество
Укрепляется сотрудничество между ЕГУ и Университетом Республики Уругвай
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը հանդես եկավ «Դեսպանի պատկերացումները, Ուրուգվայի դիվանագիտությունը և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության նոր ուղիներ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի համագործակցությանը, ասաց, որ նախատեսվում է ամրապնդել երկու երկրների միջև կրթագիտական համագործակցությունը: Այդ գործակցության ամրապնդմանն ուղղված քայլերից կլինի ուսանողների այցի կազմակերպումը ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանատուն, ինչի նպատակը ուսանողներին դեսպանատան աշխատանքին ծանոթացնելն է: Կստեղծվի նաև Ուրուգվայի Հանրապետության համալսարանի հետ հեռավար ձևաչափով փոխադարձ դասախոսություններ լսելու հնարավորություն:
«Ուրուգվայի համալսարանի ուսանողները կլսեն մեր կազմակերպած դասախոսությունները, իսկ մեր ուսանողները` իրենցը: Հայաստանը և Ուրուգվայն ունեն յուրահատուկ միջպետական հարաբերություններ, սկսած նրանից, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Երկու պետությունների միջև կապը կխթանի նաև կրթական ոլորտում նոր կապեր ստեղծելը, ինչպես նաև ուսանողների շրջանում Լատինական Ամերիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալը»,- ասաց Տ. Եփրեմյանը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, ընդգծելով ժամանակակից քաղաքագիտության վերաբերյալ գիտելիքները մշտապես թարմացնելու անհրաժեշտությունը, վստահեցրեց, որ դիվանագետների, ինչպես նաև Հայաստան այցելող պրոֆեսորների հետ հանդիպումները կնպաստեն ուսանողների գիտելիքների հարստացմանը։
ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը դասախոսության ժամանակ ներկայացրեց դիվանագիտության հին ու նոր մեթոդները, միջազգային հարաբերությունների ձևավորումն ու դիվանագետի դերն այդ գործում:
«Դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների կառավարումն է բանակցությունների միջոցով, այն մեթոդը, որով դեսպանները կարգավորում և կառավարում են գործակցային հարաբերությունները»,- մեջբերելով հայտնի դիվանագետ Հարոլդ Նիկոլսոնի խոսքերը՝ նշեց դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը:
Խոսելով Ուրուգվայի արտաքին քաղաքականությունից` դեսպանը մատնանշեց այն երկրները, որոնց հետ պետությունը դիվանագիտական և կրթագիտական կապեր է հաստատել: Նա փաստեց, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև եղած աշխարհագրական մեծ հեռավորությանը՝ երկու երկրները դեռ վաղ ժամանակներից դիվանագիտական կապեր ունեն և սերտորեն համագործակցում են: Երկու երկրների գործակցային կապերի մասին է վկայում նաև Ուրուգվայում հայկական համայնքի առկայությունը:
Կարևորելով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետագա համագործակցությունը` դեսպանն ընդգծեց, որ Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև մշտական կապ ապահովելու նպատակով որոշել են տեսազանգերի միջոցով կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների պարբերական հաղորդակցությունը, ինչը կնպաստի երկու համալսարանների հարաբերություններն ամրապնդելուն ու մշակութային կապերը պահպանելուն:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դեսպանին: