Декабря 13, 2023 | 15:04
Образовательные программы
Образование
4 образовательные программы ЕГУ впервые получили международную аккредитацию
Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը:
Հավատարմագրված կրթական ծրագրերն ընտրվել են՝ հաշվի առնելով այդ ուղղությունների արդիականությունը, յուրատիպությունը, աշխատաշուկայում ունեցած մեծ պահանջարկը, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին:
Մեկուկես տարի առաջ մեկնարկած հավատարմագրման գործընթացի առաջին փուլում ԵՊՀ-ում կատարվել են այդ 4 կրթական ծրագրերի ինքնագնահատում և ինքնավերլուծություն, կազմվել է զեկույց, որը ներկայացվել է ASIIN գործակալությանը: Զեկույցին ծանոթանալուց հետո փորձագետները հոկտեմբերին այցելել են ԵՊՀ՝ տեղում իրադրությունը գնահատելու, տեխնիկական հագեցվածությանն ու լաբորատոր հնարավորություններին ծանոթանալու և շահակից խմբերի հետ հանդիպելու նպատակով: Հավատարմագրման գործընթացի հաջորդ փուլում փորձագիտական խումբը գրավոր ներկայացրել է այցից ստացած տպավորությունները, դիտարկումներն ու խորհրդատվությունը, իսկ այժմ արդեն տվել է փորձագիտական վերջնական գնահատականը՝ հավատարմագրելով ԵՊՀ 4 կրթական ծրագրերը:
Անդրադառնալով միջազգային հավատարմագրման ընձեռած հնարավորություններին և առավելություններին՝ ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը շեշտեց. «Միջազգային հավատարմագրումը կնպաստի ԵՊՀ միջազգայնացմանը՝ խթանելով ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը, կբարձրացնի համալսարանի, կրթական ստորաբաժանումների և հավատարմագրված կրթական ծրագրերի վարկանիշը՝ վերջիններս դարձնելով առավել գրավիչ հայ և օտարազգի դիմորդների համար»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ք.գ.թ. Աննա Մկրտչյանը նշեցին, որ իրենց կրթական ստորաբաժանումների համար մեծ ձեռքբերում է միջազգայնորեն հավատարմագրված կրթական ծրագրեր ունենալը:
«Միջազգային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրի շրջանավարտի դիպլոմում նշվելու է այդ մասին, ինչը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տեղական, այլ միջազգային աշխատաշուկայում»,- ասաց Աննա Մկրտչյանը: Իսկ Կարեն Ղազարյանը հավելեց. «Առաջին ու հաջողված այս փորձառությունը կդառնա ուղղորդիչ մեր ֆակուլտետի և համալսարանի՝ կրթական այլ ստորաբաժանումների համար՝ նույն գործընթացով անցնելու և միջազգային հավատարմագրում ունեցող նոր կրթական ծրագրեր ունենալու առումով»:
Նշենք, որ այս ձեռքբերումը բխում է Երևանի պետական համալսարանի՝ որակյալ կրթություն տրամադրելու և բուհի միջազգայնացմանը նպաստելու ռազմավարական առաջնահերթություններից: