Января 11, 2024 | 16:45
Наука
Права человека
Международное сотрудничество
ЕГУ удостоен награды «Лидер управления человеческими ресурсами в научно-исследовательской сфере»
ԵՊՀ-ում հետազոտողների համար մշակված և իրականացվող մարդկային ռեսուրսների ռազմավարությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Այս մասին է վկայում «Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» (HR Excellence in Research Award) մրցանակը, որը կնպաստի ԵՊՀ միջազգայնացման գործընթացին։
Այս մրցանակին արժանացած կրթական հաստատություններն առավել գրավիչ են գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով գործընկերներ փնտրող արտասահմանյան հետազոտողների համար։
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը նշեց, որ մրցանակին արժանանալու համար EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակ են մուտք արել 117 էջից բաղկացած վերլուծություն, որտեղ ներառել են գիտական կադրերի մրցույթի կանոնակարգը, այդ թվում՝ հետազոտողների բաց և թափանցիկ հավաքագրման գործընթացը, գիտական գործունեության ցուցանիշի հաշվարկի բանաձևը (օրինակ՝ միջազգային գիտաչափական շտեմարաններում ԵՊՀ գիտնականների գիտական հրապարակումների թիվը, վարկանիշային ամսագրերում հրապարակված հոդվածների քանակը, միջազգային հանդեսներում գիտական հրապարակումներին տրված հղումների քանակը, գիտնականի ունեցած ասպիրանտների թիվը, գիտնականների կողմից ստարտափների ղեկավարումը), բուհում միջազգային գիտաժողովների անցկացման հաճախականությունը, գիտական միջավայրի ապահովումը (այդ թվում՝ նորագույն սարքավորումներով համալրումը), գենդերային հավասարության ապահովումը ԵՊՀ-ում։
«Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» մրցանակին արժանանալու համար «Միներվա» ծրագրի ԵՊՀ աշխատանքային թիմը նաև պարբերաբար այցելել է եվրոպական տարբեր հետազոտական կենտրոններ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Մոլդովայի, Բելգիայի համալսարաններ, որտեղ միջազգային փորձագետների հետ քննարկել են ԵՊՀ-ում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, որոնք ևս ներկայացվել են վերլուծության մեջ։
Արտերկրի բուհերի փորձն ուսումնասիրած Երանուհի Մանուկյանն ընդգծեց, որ այս մրցանակը, ի թիվս այլ առանցքային գործառույթների, կնպաստի ԵՊՀ-ի վարկանիշի բարելավմանը աշխարհի բուհերի վարկանիշավորման ժամանակ։
«QS World University Rankings»-ում ԵՊՀ-ն 415-րդ տեղում է` 690 եվրոպական հաստատությունների շարքում, այն առաջինն է հայաստանյան 3 հաստատությունների շարքում և 1001-1200-ը՝ աշխարհում։
Նշենք, որ մրցանակը ԵՊՀ-ին շնորհվել է երկու տարով։ Համալսարանը հանձնառու է շարունակաբար բարելավելու մարդկային ռեսուրսների քաղաքականությունը՝ համաձայն Հետազոտողների եվրոպական խարտիայի և Հետազոտողների հավաքագրման վարքագծի կանոնագրքի։
EURAXESS-ին անդամակցելու և «Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» մրցանակին արժանանալուն ուղղված քայլերը մեկնարկել են 2019 թ․ «Էրազմուս+» ծրագրի «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») նախագծի շրջանակում։