Января 12, 2024 | 16:38
Между ЕГУ и «Лидиан Армения» подписан меморандум о намерениях
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։
Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ստորաբաժանումների համատեղ քննարկումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ և այլ միջոցառումներ։
Բացի դրանից՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնի փորձագետների ու ընկերության մասնագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մշակվելու են տեխնոլոգիական մեթոդներ, կազմակերպվելու են դրանց ստացման լաբորատոր և արտադրական եղանակների փորձարկումներ։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանում հանքարդյունաբերության գործունեության վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ մշակվելու են դասընթացներ և դաշտային պրակտիկ աշխատանքներ։ Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն են ստանալու իրենց ուսումնական ու արտադրական պրակտիկաները կազմակերպելու, ինչպես նաև փորձնակություն (ինթերնշիփեր, մենթորշիփեր) անցնելու ընկերությունում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց՝ ոլորտները, որոնց զարգացման նպատակով հաստատվել է համագործակցություն, կարևոր են մեր երկրի համար, ուստի որակյալ կրթության տրամադրումն ու արհեստավարժ կադրերի պատրաստումը, հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծումը պետք է առաջնահերթություն լինեն․ «Իսկ որակյալ և ներկայիս պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն տրամադրելու երաշխիքներից մեկը հենց աշխատաշուկայի հետ արդյունավետ կապն է»։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ պատրաստ են ներդնելու իրենց ռեսուրսները և աջակցելու ֆակուլտետի զարգացմանը, երկրաբանության և հանքարդյունաբերության հետ կապված հետազոտական նախագծերի իրագործմանը և այլ ծրագրերի կատարմանը։ Նա ասաց նաև, որ ընկերությունը պլանավորում է կրթաթոշակներ սահմանել ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողների, ինչպես նաև Ամուլսարի շրջակա համայնքների այն դիմորդների համար, որոնք կնախընտրեն երկրաբանություն մասնագիտությունը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, խոսելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, կարևորեց գիտական ներուժի արդյունավետ կիրառման, դասախոսների վերապատրաստման ու դիմորդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կնպաստի դրանց իրագործմանը։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին հուշագրով սահմանված առաջիկա անելիքներն ու համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։