Января 15, 2024 | 11:52
Наука
Исследовательские центры и институты
Исследовательская работа
Новые возможности измерения температуры в области физики в ЕГУ
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված են լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման ու նորագույն սարքավորումներով լաբորատորիաների վերազինման խնդիրներ, որոնց լուծումն ուղղված է կրթական միջավայրի լավարկմանը, նորարարական հետազոտությունների և գիտության զարգացմանը։ Այս նպատակների իրագործմանն է միտված ԵՊՀ օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան գերժամանակակից նոր սարքավորմամբ համալրելու ծրագիրը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ձեռք կբերվի ղեկավարվող ջերմախցիկ, որը հնարավորություն կտա ֆիզիկայի բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխան չափումներ կատարելու և մրցունակ խնդիրներ լուծելու։ Այն կնպաստի լաբորատորիայում կատարվող գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը, միջազգային տարբեր գիտաժողովներում և գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում ներկայացվող արդյունքներին:
Սարքը հնարավորություն կտա -190°C-ից մինչև +300°C ջերմաստիճանային տիրույթում ուսումնասիրություններ և չափումներ կատարելու: Կարևորելով լաբորատորիայի վերազինման և սարքավորումների արդիականացման անհրաժեշտությունը՝ Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ նախկինում ունեցել են ջերմակարգավորող սարքավորումներ (օրինակ՝ թերմոստատներ), սակայն դրանց ճշգրտությունն ու կայունությունն անբավարար էին, իսկ ներկայում՝ անաշխատունակ են ոլորտում չափումներ կատարելու համար․ «Միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ, ամբողջական և լիարժեք չափումներ կատարելու համար նմանօրինակ սարքավորման առկայությունը լաբորատորիայում պարտադիր է»:
Աշխարհում լավագույնը համարվող ամերիկյան ընկերություններից մեկը, որը մասնագիտացված է գիտական, լաբորատոր սարքավորումների ստեղծմամբ, սարքը պատրաստելու է հատուկ պատվերով:
«Ղեկավարվող ջերմախցիկը հատուկ պատրաստվելու է մեր ներկայացրած պահանջների հիման վրա: Մեր գիտական խումբը ընկերության աշխատակիցների հետ քննարկել է, թե ինչ չափանիշներ են անհրաժեշտ սարքավորումը պատրաստելու համար։ Նախատեսվում է, որ ղեկավարվող ջերմախցիկը լաբորատորիա կհասնի առաջիկա 4-5 ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով ամբողջ գործընթացը»,-հավելեց Գ. Գևորգյանը:
Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայում գիտաշխատողներն ուսումնասիրում են հեղուկբյուրեղային էլաստոմերներ: Նոր սարքը՝ ղեկավարվող ջերմախցիկը, նախատեսված է հենց հեղուկ բյուրեղների օպտիկական, մեխանիկական և առաձգական հատկությունների ուսումնասիրման համար: Դրանց հետագա կիրառական հնարավորությունները հասկանալու համար անհրաժեշտ է նաև գրանցել ջերմաստիճանային կախվածություն, իմանալ տարբեր ջերմաստիճաններում տեղի ունեցող հատկությունների փոփոխությունները։ Լաբորատորիայի գիտաշխատողը նշեց, որ կիրառական տեսանկյունից պարտադիր պայման է ինչ-որ նոր բան ստեղծելիս տարբեր ջերմաստիճաններում չափումներ կատարելը: Սարքի շնորհիվ հնարավոր է ավտոմատ կերպով էլաստոմերի վրա ուժ կիրառել, չափել ուժը և օպտիկական եղանակով ուսումնասիրել հատկությունը: Անդրադառնալով սարքավորման կիրառմանը և այդ աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը՝ Գ․ Գևորգյանն ասաց. «Սարքով աշխատելու հնարավորություն կունենան վերապատրաստում անցած մասնագետները, քանի որ առկա են բաղադրիչներ, որոնք պահանջում են անվտանգության հատուկ կանոնների պահպանում: Մասնագետների, գիտաշխատողների վերահսկողությամբ ուսանողները ևս կարող են ընդգրկվել լաբորատորիայի հետազոտություններում՝ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի շրջանակում կատարելով որոշակի ուսումնասիրություններ»:
Գիտաշխատողը նշեց նաև, որ Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան պատրաստակամ է համագործակցելու ԵՊՀ մյուս լաբորատորիաների հետ և նյութերի ջերմաստիճանային կախվածություն ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում չափումներ կատարելու համար համակարգը կտրամադրի նրանց։
Նշենք, որ սարքը պատրաստող ամերիկացի մասնագետները լաբորատորիայի գիտաշխատողների համար կազմակերպելու և անցկացնելու են երկօրյա առցանց վերապատրաստում, որը հնարավորություն կտա տիրապետելու սարքի օգտագործման հմտություններին և անվտանգության կանոններին: