Февраля 08, 2024 | 15:57
Наука
Партнеры
Международное сотрудничество
Профессор Лилльского университета посетил ЕГУ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լիլի (Ֆրանսիա) համալսարանի պրոֆեսոր Տարիել Դանիելյանի հետ հանդիպում, որի ժամանակ պրոֆեսորը ներկայացրեց «Էրազմուս+»-ի շրջանակում երկու համալսարանների գործակցությանն առնչվող ծրագրերն ու հնարավորությունները:
Լիլի համալսարանի տեխնոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Տարիել Դանիելյանը Հայաստան է ժամանել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հրավերով:
Կարևորելով ՀՀ գիտնականների հետ գործակցությունը և ԵՊՀ ընձեռած հնարավորությունները՝ Տ. Դանիելյանը նշեց, որ ԵՊՀ-ն շարժվում է գիտության զարգացմանն ու նորարարությանը համահունչ ճանապարհով:
«ԵՊՀ մեր գործընկերների հետ աշխատում ենք կրթել և ուղղորդել երիտասարդ հետազոտողներին, ձևավորել բանիմաց մասնագետներ: ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ պրոֆեսորադասախոսական կազմի հետ գործակցությունն անհրաժեշտ է, քանի որ շոշափելի արդյունքների հասնելուն նպաստում է համատեղ աշխատանքը»,- ասաց Տ. Դանիելյանը:
Այցի շրջանակում Լիլի համալսարանի պրոֆեսորը ներկայացրեց «Բրածո օրգանիզմների դերը Երկրի, կյանքի և էվոլյուցիոն գիտություններում», «Շերտագրության կարևորությունը մասսայական ոչնչացումների և Երկրի կլիմայի անցյալի փոփոխությունների համար» թեմաներով դասախոսություններ:
ԵՊՀ-ն Լիլի համալսարանի հետ գործակցում է 2019 թվականից: Գործակցության ոլորտներն ընդգրկում են Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետները: «Էրազմուս+» ծրագրի շրջանակում պրոֆեսորի այցի ժամանակ քննարկվեցին համատեղ իրականացրած ծրագրերը, նախանշվեցին հետագա անելիքները։ Այժմ գործընկեր համալսարանի հետ նախապատրաստվում է նոր ծրագիր, որով կընդլայնվեն գործակցության ուղղությունները:
Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կատարվում է ուսանողների, ինչպես նաև դասախոսների ու վարչական կազմի փոխանակում: Դասախոսները գործընկեր համալսարաններ են գործուղվում դասախոսելու, համատեղ կատարած հետազոտությունները ներկայացնելու նպատակով:
Հավելենք, որ ԵՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի աշխարհի 50 երկրների 200-ից ավելի գիտակրթական հաստատությունների հետ և շարունակում է ընդլայնել գործընկերների շրջանակը՝ ընդգրկելով նոր համալսարաններ և ուսումնասիրության նոր բնագավառներ: