Марта 20, 2024 | 15:34
Наука
Инфраструктура
Исследовательская работа
Очередное оборудование нового поколения на химическом факультете ЕГУ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում քիրալային միացությունները կնույնականացվեն նոր սերնդի համակարգով, որի կիրառմամբ քիրալային խառնուրդները կբաժանվեն և կստանան անհատական բնութագրում։
Քիրալային նյութերը կիրառվում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դեղաբանության մեջ։
Մաս սպեկտրաչափական և լուսաչափական դետեկցիայով համակցված քիրալային նյութերի նույնականացման քրոմատոգրաֆիկ համակարգը ձեռք կբերվի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի» արդյունքում։
Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը, ներկայացնելով ձեռք բերվող համակարգը, նշեց, որ այն ընդգրկում է ուլտրաբարձր արդյունավետությամբ հեղուկային քրոմոտոգրաֆ, դետեկտորներ և 20-ից ավելի քիրալային աշտարակներ, որոնք աշխատում են և՛ ուղիղ ֆազի, և՛ շրջված ֆազի հետ։
«Քիրալային միացությունների նույնականացումը ներկայում շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում։ Այն ուսումնասիրման յուրահատուկ մեթոդաբանություն է, որի համար մեծ թվով տարբեր որակի աշտարակներ են անհրաժեշտ՝ քիրալային նյութերի բաժանում կատարելու համար։ Իսկ համակարգին կից դետեկտորները հնարավորություն են տալիս նյութը բնութագրելու իրենց համապատասխան չափանիշներով»,- ասաց Արմեն Գալստյանը։
Քիմիայի ֆակուլտետում ուսումնասիրում են տարբեր տեսակի ռեակցիաներ, որոնք առաջացնում են քիրալային միացություններ։ Ֆակուլտետի փոխդեկանը նշեց, որ նոր համակարգի կիրառմամբ ավելի նուրբ մեթոդաբանությամբ կնույնականացվեն այդ գործընթացների ժամանակ առաջացող նյութերի հարաբերակցությունը։
«Մենք ուսումնասիրում ենք ասիմետրիկ միացությունների նյութերի սինթեզը, այսինքն՝ ստեղծում ենք կատալիտիկ համակարգեր, որոնց օգտագործումը բերում է ասիմետրիկ նյութերի սինթեզի, իսկ ասիմետրիկ նյութերը շատ տարածված են և մեծ կիրառություն ունեն տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև նոր տեխնոլոգիաներ»,- ընդգծեց նա։
Ըստ Արմեն Գալստյանի՝ աշխարհում չկա քիրալային այնպիսի նյութ, որը հնարավոր չլինի նույնականացնել նոր ձեռք բերվող համակարգով, իսկ այս ճանապարհով ստացված տվյալները, լինելով առավել ճշգրիտ, կխթանեն գիտնականների հետազոտությունների որակի բարձրացումը՝ դրանով իսկ նպաստելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում գիտական հոդվածների հաճախակի տպագրմանը։
Քիմիայի ֆակուլտետում մինչ նոր համակարգի ձեռքբերումը (ինչն ակնկալվում է ամռանը) կշարունակեն աշխատել հին սարքով, որը, ի տարբերություն նորի, չունի համապատասխան քանակով դետեկտորների՝ նյութերը մանրամասնորեն նույնականացնելու համար։
Արմեն Գալստյանի հավաստմամբ՝ Քիմիայի ֆակուլտետի ուսանողները ևս գիտական հետազոտությունների շրջանակում հնարավորություն կունենան օգտվելու նոր ձեռք բերվող համակարգից։
«Մեր ֆակուլտետում կան առաջին կուրսի ուսանողներ, որոնք ընդգրկված են գիտական խմբերում և կատարում են հետազոտական աշխատանքներ։ Հետևաբար, այն ուսանողները, որոնք այդ ուղղությամբ կկարողանան աշխատել, կունենան այդ սարքից օգտվելու հնարավորություն՝ ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար»,- փաստեց նա։
Քիմիայի ֆակուլտետի փոխդեկանը, ներկայացնելով գիտական խմբերում ընդգրկվելու՝ ուսանողներին ներկայացվող պահանջները, նշեց, որ հիմնականում մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն։ Իսկ փորձաշրջանի արդյունքում էլ պարզ է դառնում՝ կարո՞ղ է տվյալ ուսանողը շարունակել լաբորատորիայում հետազոտություններ կատարել, թե՞ ոչ։
Արմեն Գալստյանը վստահեցրեց՝ Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայում ուսանողը չի սահմանափակվում այդ լաբորատորիայի նեղ ուղղվածությամբ, քանի որ լաբորատորիայում աշխատելիս քննարկվում են քիմիային վերաբերող ցանկացած մակարդակի հարցեր, ինչն էլ օգնում է ուսանողներին ապագայում դառնալու հմուտ մասնագետներ։