- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բացվեց Յուրի Գաբրիելյանի անվան լսարան
Ապրիլ 29, 2025 | 15:33
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բացվեց Յուրի Գաբրիելյանի անվան լսարան
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում վերանորոգվել և կահավորվել է լսարան, որը վերանվանվել է Գերմանական բանասիրության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանի անունով։ Նախաձեռնությունն իրագործվել է նրա որդիների աջակցությամբ՝ դառնալով կարևոր ներդրում ֆակուլտետի ակադեմիական միջավայրի զարգացման և արժանավորների հիշատակն անմահացնելու գործում։


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով նախաձեռնության խորհրդանշական ու դաստիարակչական նշանակությունը, ասաց․ «Համալսարանն ըստ արժանվույն գնահատում է իր մեծարժեք ուսուցիչներին և նրանց թողած ժառանգությունը՝ ամրապնդելով մեր ակադեմիական ինքնությունը։ Ցավոք, անձամբ չեմ ճանաչել պարոն Գաբրիելյանին, սակայն բազմիցս լսել եմ նրա և տիկնոջ՝ Սուսաննա Առաքելյանի մասին՝ որպես նվիրված մանկավարժներ ու գերմանական մշակույթի կրողներ։ Այս լսարանը պետք է դառնա գիտելիքի կենտրոն, որտեղ ապագա սերունդները կշարունակեն խորացնել իրենց գիտելիքներն այն ուղղությամբ, որին պրոֆեսորն իր ամբողջ կյանքն է նվիրել»։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նշեց․ «Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Մեծապես գնահատելի է պրոֆեսոր Գաբրիելյանի որդիների այս նախաձեռնությունը։ Պրոֆեսոր Գաբրիելյանն արժանապատիվ մարդ էր՝ գյումրեցուն հատուկ խիստ, բայց ազնիվ, նվիրված գիտնական։ Իր պահանջկոտությամբ նա ձևավորեց ամբիոնի այն կարգապահ ոգին, որն այսօր էլ գերիշխում է ֆակուլտետում»։
Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը պատմեց՝ ինչպես էր Յ․ Գաբրիելյանն իր գիտական ոգով ոգեշնչում ուսանողներին։

«Պարոն Գաբրիելյանը եղել է իմ դասախոսը ուսանողական տարիներին։ Նա էր առաջինը, որ իմ մեջ սերմանեց սեր դեպի լեզվաբանությունը։ Նրա շնորհիվ ես ինքս ինձ գտա գիտության բնագավառում, իսկ տիկին Առաքելյանն ինձ օգնեց սիրել գերմաներենը ոչ միայն որպես տրամաբանական, այլև գեղեցիկ լեզու։ Այս նոր լսարանը կծառայի որպես գիտության ու կրթության օջախ, որտեղ ուսանողները ձեռք կբերեն նոր ու խոր գիտելիքներ»,- մատնանշեց նա։

Սուսաննա Առաքելյանի քրոջ դուստրը՝ Թամարան, որին դասախոսել են և՛ պրոֆեսոր Գաբրիելյանը, և՛ Սուսաննա Առաքելյանը, ընդգծեց․ «Հիշում եմ, որ ուսանողական տարիներին նույնիսկ դասը սովորած լինելով՝ ամաչում էինք ձեռք բարձրացնելուց։ Նրանք խիստ էին, բայց այդ խստությունը հիմք դրեց մեր հաջողություններին։ Այսօր գերմաներենի իմացության իմ բարձր մակարդակի շնորհիվ կարողանում եմ աշխատել, ճանապարհորդել ու արժանանալ գերմանացիների հիացմունքին։ Երբ հարցնում են՝ ինչպես եմ այսքան լավ խոսում, պատասխանում եմ՝ ունեցել եմ լեզվի ամուր հիմք»։
Իրենց երախտիքի խոսքը ասացին նաև պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ՝ ևս մեկ անգամ բարձր գնահատելով անվանի գիտնականների հիշատակը վառ պահելուն ուղղված այսօրինակ նախաձեռնությունները։