Марта 25, 2024 | 15:07
Конференции
Исследовательские центры и институты
Мероприятия
В ЕГУ обсудили существующие проблемы в сфере гидрометеорологии республики и пути их решения
Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտները ենթարկվում են հիդրոօդերևութաբանական պայմանների ազդեցությանը, ինչով էլ պայմանավորված է տվյալ ոլորտի մասնագետների կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը մարտի 23-ը նշանավորել է որպես Օդերևութաբանի օր։ Օդերևութաբանները մաթեմատիկական լուծումների միջոցով կանխատեսում են եղանակային փոփոխությունները՝ օգնելով մեզ հասկանալ, թե ինչու և ինչպես են տեղի ունենում կլիմայական փոփոխությունները, և ամենակարևորը՝ ինչ կարող ենք անել սպասվող աղետները կանխելու համար»,- ասաց պրոռեկտորն ու հավելեց, որ մի շարք գիտությունների, այդ թվում՝ օդերևութաբանության, երկրաֆիզիկայի ոլորտներում տեխնոլոգիաների կատարելագործմամբ հնարավոր կլինի պահպանել շրջակա միջավայրը։
Խոսելով Հայաստանի ջրային ռեսուրսներից՝ Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ դրանց հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման ուղիներին առավել քաջատեղյակ են ոլորտի մասնագետները։ Նա նշեց նաև, որ մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր, և այդ օրը մասնավորապես ընդգծվում են ջրի կարևորությունն ու նշանակությունն ամբողջ մոլորակի կայունության և բարգավաճման գործում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ե․գ․թ․, դոցենտ Սարգիս Քելյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ այսուհետ բնական աղետները «կշրջանցեն» Երկիրը, քանի որ վերջին մի քանի տարիներին նկատվում է տարերային աղետների հաճախականության կտրուկ աճ, որոնց մոտ 90 տոկոսն ունի եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում։
«Նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում ունենալու որակյալ ջրաօդերևութաբաններ, իսկ տվյալ ոլորտի մասնագետներ ՀՀ-ում պատրաստում է միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը»,- ասաց Սարգիս Քելյանը։
Դեկանը նշեց, որ ֆակուլտետը սերտ համագործակցում է բազմաթիվ հասարակական և գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։
«Ֆակուլտետը հնարավորություն է տալիս զարգացնելու Երկիր մոլորակի մասին գիտելիքները, գիտական տեղեկություններ տրամադրելու և գնահատելու կլիմայի ու ջրային ռեսուրսների արդի վիճակը, դրանց փոփոխության միտումները, զարգացման օրինաչափությունները, պատճառահետևանքային կապերը, էկոլոգիական հիմնախնդիրները, ինչպես նաև մշակելու կլիմայի փոփոխությանը հարմարվելու հայեցակարգ»,- ընդգծեց նա։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխ․գ․թ․, դոցենտ Արսեն Գրիգորյանը, խոսելով Երկիր մոլորակի կլիմայական փոփոխություններից, ասաց, որ այդ փոփոխությունները համայն մարդկության համար առաջացնում լուրջ խնդիրներ, որոնց թվում են քաղցրահամ ջրի՝ օրեցօր աճող պահանջարկը, ջրաբանական և օդերևութաբանական վտանգավոր երևույթների աճը, բնական աղետները, ջրաէկոլոգիական խնդիրները։
«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը բոլոր բուհերի առջև խնդիր է դրել՝ պատրաստել որակյալ կադրեր, որոնք պետք է փորձեն մեղմել սպասվող վտանգավոր երևույթները»,- ասաց նա ու հավելեց, որ առաջիկայում ֆակուլտետը համագործակցության հուշագիր կստորագրի նաև «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի հետ։
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ, աշխ․գ․թ․ Վարդուհի Մարգարյանը, անդրադառնալով կլիմայի փոփոխության բացասական և դրական կողմերին, ընդգծեց․ «Կլիմայական բացասական փոփոխությունների ազդեցությունն ավելի նկատելի է և մեծ․ հալվում են սառցադաշտերը, բարձրանում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, և առկա է առափնյա շատ տարածքների՝ ջրի տակ անցնելու վտանգ։ Դրական կողմն այն է, որ բարձրլեռնային շրջաններում կարելի է աճեցնել նոր տեսակի մշակաբույսեր, որոնց համար այդ պայմաններն առավել նպաստավոր են, իսկ արևի ջերմությունը կարելի է օգտագործել որպես այլընտրանքային էներգիա»։
Գիտաժողովին ներկայացվեցին հիդրօդերևութաբանության ոլորտի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին առնչվող զեկուցումներ։
Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը, ներկայացնելով «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները և տարվող քաղաքականությունը Հայաստանում» վերտառությամբ զեկուցումը, նշեց, որ վերջին 130 տարիներին Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, իսկ օդի ջերմաստիճանի փոփոխությունը Հայաստանում 1935-2022 թթ․ աճել է 1,5 աստիճանով։
«Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը ջերմոցային գազերի արտանետումներն են, որոնց 64 տոկոսը բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին, ավելի քան 18 տոկոսը՝ գյուղատնտեսության ոլորտին, իսկ թափոններից արտանետվող գազերը կազմում են 5-6 տոկոս։ Անտառահատումները ևս բացասաբար են անդրադառնում կլիմայի փոփոխության վրա, քանի որ անտառները կլանում են ջերմոցային գազերը»,- նշեց Մարինե Սարիբեկյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը լուծելու համար Հայաստանը նախատեսել է մեծացնել էլեկտրոմոբիլների քանակը՝ դրանց թիվը հասցնելով մինչև 200․000-ի, ավելացնել անտառածածկ տարածքները, կառուցել թափոնների նոր կայաններ՝ հեռացնելու կեղտաջրերը, ինչպես նաև ընդլայնել վերականգնվող էներգիայի ծավալները։
Երկօրյա գիտաժողովին բանախոսները քննարկեցին հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, վերհանեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, վերլուծեցին շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանում բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության խնդիրները։
Վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրին ԵՊՀ, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի և շրջակա միջավայրի ազգային գիտահետազոտական ինստիտուտի (INRAE), ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, «Լիդիան Արմենիա» ընկերության բնապահպանության բաժնի ներկայացուցիչները։
Նշենք, որ համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման՝ Հայաստանում մարտի 21-ը նշվում է որպես Անտառագետի օր, մարտի 22-ը` Ջրաբանի օր, իսկ մարտի 23-ը` Օդերևութաբանի օր։