Марта 25, 2024 | 11:39
Наука
Образование
Студенческий
ЕГУ-перекресток коммуникации межкультурных ценностей
ԵՊՀ-ում անցկացվեց «Էրազմուս» Երևանի ուսանողական ցանցի կազմակերպած «Միջմշակութային երեկոն»` հայ և օտարերկրյա ուսանողներին համախմբելու, ինտերակտիվ միջավայրում տարբեր երկրների մշակույթներին ծանոթացնելու, ինչպես նաև «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
ԵՊՀ-ում անցկացվող միջմշակութային երեկոյին իրենց մասնակցությունը հաստատել էին 6 երկրների ներկայացուցիչներ (Ճապոնիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Չինաստան): Մշակութային բազմազանության մեջ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց միջմշակութային հաղորդակցության հմտությունները։
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ:
Հայաստանում «Էրազմուս» ուսանողական ցանցի նախագահ Լիլիթ Սարգսյանը, խոսելով կազմակերպության գործունեության և միջոցառման նպատակների մասին, շեշտեց. «Հայաստանում մենք մեր ծրագիրը իրականացնում ենք տարբեր իրադարձությունների միջոցով, որոնցից մեկն էլ այսօր տեղի ունեցող միջմշակութային երեկոն է: Քանի որ արտերկրի մեր ուսանողները հիմնականում ԵՊՀ-ում են սովորում, այդ իսկ պատճառով կարևոր համարեցինք, որ միջոցառումը տեղի ունենա ԵՊՀ-ում»:
Միջոցառման ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ազգային մշակույթը խաղերի, երգերի, ուտելիքների, պարերի միջոցով: Ուսանողները համապատասխան սահիկաշարերի ուղեկցությամբ պատմեցին իրենց երկրների պատմության, մշակույթի մասին: ԵՊՀ հայ ուսանողները օտարերկրացի իրենց ընկերներին ներկայացրին հայկական լավաշը, գաթան, պանիրը, թթու լավաշը, ժենգյալով հացը և այլ ավանդական ուտեստներ:
Միջմշակութային երեկոյի ժամանակ իրենց ազգային ուտեստը ներկայացրեց Շվեյցարիայից ԵՊՀ ժամանած ուսանողուհի Լենան: Շվեյցարիայում ավանդական այդ ուտեստը նախատեսված է նախաճաշի համար. այն հյուսված խմորի տեսք ունի:
Լենան այժմ սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրի երրորդ կուրսում: Անդրադառնալով ԵՊՀ-ում սովորելու կարևորությանը՝ ուսանողուհին ասաց. «Քանի որ Ժնևի համալսարանում չկան դասընթացներ կովկասագիտության, ինչպես նաև տարածաշրջանային կոնֆլիկտներն ուսումնասիրելու մասին, այդ պատճառով եկել եմ ԵՊՀ, որտեղ սովորելն ինձ համար անչափ կարևոր է»:
Ուսանողները նշեցին, որ միջմշակութային երեկոն նշանակալի էր ոչ միայն միջմշակութային արժեքների հաղորդակցության, այլև նոր ընկերներ ձեռք բերելու տեսանկյունից: